Կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչը լքել է ՔՊ–ն` մեղադրելով դրան տոտալ դիկտատուրայի մեջ (ՎԻԴԵՈ)

15.11.2018, 14:20
Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից` մեղադրելով դրան շարքային անդամների նկատմամբ տոտալ դիկտատուրայի մեջ։
Կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչը լքել է ՔՊ–ն` մեղադրելով դրան տոտալ դիկտատուրայի մեջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից` մեղադրելով դրան շարքային անդամների նկատմամբ տոտալ դիկտատուրայի մեջ։

Աճեմյանը նախօրեին երեկոյան ուղիղ եթեր է դուրս եկել Facebook–յան իր էջում և պարզաբանել իր գործողությունները։

Ինչպես է ամեն ինչ սկսվել

Աճեմյանը պատմել է, որ մոտ երկու շաբաթ առաջ Տարածքային կառավարման նախարար, ՔՊ–ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է կուսակիցներին նախընտրական ցուցակ կազմելու մասին` առաջարկելով նրանց նշել, թե որ ընտրատարածքն են նախընտրում։

Աճեմյանը հաստատել է, որ մասնակցելու է ռեյտինգայինով և ընտրել է Մալաթիա–Սեբաստիա շրջանը, ինչից հետո տարածք է վարձակալել այդ շրջանում, որտեղ իր համախոհների հետ քննարկել է նախատեսված քարոզարշավը։

Նրան ասել են, որ ընդգրկված է ցուցակներում։ Սակայն մի քանի օր հետո պարզվել է, որ կուսակցության վարչությունը մերժել է նրա թեկնածությունը։ ՔՊ–ի ղեկավարությունը նրան ոչինչ չի պարզաբանել, ինչից հետո նա որոշել է լքել կուսակցության շարքերը։

«Ես փաստում են, որ կուսակցությունում տեղի է ունեցել հետընթաց ժողովրդավարական գործընթացներից...ՔՊ–ի ղեկավարության կողմից նկատվում է շարքային անդամների տոտալ անտեսում։ Կուսակցությունում տիրում է տոտալ դիկտատուրա, արվում է այն, ինչ ասվում է վերևից», – հայտարարել է Աճեմյանը։

Նա մեղադրել է կուսակցության ղեկավարությանը քաղաքական կամքի բացակայության մեջ ժողովրդավարության հաստատման հարցում, ինչի կապակցությամբ ստիպված է եղել հեռանալ ՔՊ–ից։

Սեփական մարդիկ ԱԺ–ում

Աճեմյանը նաև խոսել է շրջանառվող խոսակցությունների մասին, ըստ որոնց, ընտրություններին իրեն չթողնելու որոշումը թելադրված է այդ շրջանում կոնկրետ անձանց ընտրվելուն նպաստելու ցանկությամբ։

Աճեմյանի խոսքով, կուսակցական էլիտայում որոշվել է Մալաթիա–Սեբաստիա շրջանից առաջադրել ՔՊ–ի չորս անդամների` Արարատ Միրզոյանին (առաջին փոխվարչապետի պաշտոնակատար), Արայիկ Հարությունյանին (ԿԳ նախարարի պաշտոնակատար), Հրաչյա Հակոբյանին (Փաշինյանի աներորդի, խմբգր.) և Էրիկ Գրիգորյանին (բնապահպանության նախարարի պաշտոնակատար)։

«Ինձ հասել են խոսակցություններ, որ ինձ ընտրություններին չթողնելը հաշվարկի արդյունք է, քանի որ այդ շրջանում պետք է անցնեին այդ չորս մարդիկ, և նրանց հիմնական մրցակիցը ես էի։ Կուսակցությունում կարծում են, որ եթե ես առաջադրվեմ, ապա միանշանակ կանցնեմ խորհրդարան կրոնական կազմակերպության աջակցության շնորհիվ, որին ես պատկանում եմ», – նշեց Աճեմյանը։

«Քաղաքական ապտակ»

Աճեմյանը նաև հայտարարել է, որ ընտրություններին միանշանակ չի աջակցելու ՔՊ–ին (կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, խմբգր.) և կոչ է անում չքվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։

«Կոչ եմ անում հասարակությանը սթափվել և քաղաքական ապտակ տալ գործող իշխանություններին։ Հասարակությունը պետք է ցույց տա, որ էյֆորիայի մեջ չէ, տեսնում է (բացասական) գործընթացները, որոնք մենք կարող ենք և պարտավոր ենք ուղղել», – ընդգծել է Աճեմյանը։

Նա խոստացել է ավելի ուշ տեղեկացնել, թե որ կուսակցության օգտին է կոչ անում քվեարկել։

Վերադարձ ժողովրդավարությանը

Աճեմյանն ավելացրեց, որ ոչ մի կերպ չի թերագնահատում գործող իշխանություններին և չի ցանկանում, որպեսզի նրանք ձախողվեն։ «Վերադարձ անցյալին անհնար է։ Ուզում եմ, որպեսզի ներկա իշխանությունները լինեն այնպիսին, ինչպիսին մինչև հեղափոխությունն էին`հավատարիմ լինեն ամուր ժողովրդավարությանը։ Այսինքն, ցանկանում եմ վերադարձ նախկին արժեքներին», – նշեց նա։

Նրա խոսքով, ՔՊ–ում կան բազմաթիվ անձնվեր մարդիկ, ովքեր ունեն քաղաքական կամք և չեն ընկրկում դժվարությունների առաջ։–0–