ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 26–ին ժամը 02:00-ի սահմաններում զինված հարձակում էր տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Ծիրան» սուպերմարկետի վրա։
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է հարձակման տեսանյութը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին դիմակավորված անձը մուտք է գործել սուպերմարկետ և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը։
Հանցագործությունը կանխելու ժամանակ անվտանգության աշխատակիցները կարողացել են հանել հարձակումն իրականացնող անձի դիմակը, խլել ատրճանակը, սակայն անհայտ անձը դիմել է փախուստի։
Տեսագրող սարքերի շնորհիվ ժամեր անց իրավապահները պարզել ռն կասկածյալի արտաքին նկարագիրը, իսկ ավելի ուշ` նաև ինքնությունը։
«Դիմակավորը Երևանը Մոլդովական փողոցի բնակիչ Գևորգ Սարգսյանն էր», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Սարգսյանին, սակայն, հայտնաբերել չի հաջողվել։ Հունիսի 28–ին Գևորգ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ Ստացված տվյալների համաձայն` Սարգսյանն արդեն հատել էր սահմանն ու թաքնվել հարևան պետություններից մեկում։
ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել Գևորգ Սարգսյանի Վրաստանում գտնվելու մասին։ Հունիսի 28–ին Վրաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գևորգ Սարգսյանը հայտնաբերվել էր Վրաստանում և տեղափոխվել Հայաստան։
Ըստ նախնական տվյալների` Սարգսյանը Վրաստանից փորձել էր փախչել այլ երկիր։
Օդամղիչ գազային ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Գևորգ Սարգսյանը կալանավորվել է։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ավազակություն)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում