Հայտնի է Ավետիսյանների սպանության գործով դատավճռի ամսաթիվը

19.08.2016, 16:14
Ամբաստանյալ Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքից:

Հայտնի է Ավետիսյանների սպանության գործով դատավճռի ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ուրբաթ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հանդես է եկել պաշտպանական ճառով:

Պաշտպանն իր ճառում չի անդրադարձել բուն սպանության դրվագին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը լիակատար ընդունում է իր մեղքը, հաղորդում է pastinfo–ն։

Պաշտպանը պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքի առնչությամբ նշել է, որ իր պաշտպանյալն այդպիսի փորձ չի կատարել, այլ սխալմամբ է հայտնվել այնտեղ:

Ուստի, Աղաջանյանը միջնորդել է այս մեղադրանքում նրան արդարացնել, իսկ մյուս մեղադրանքներում ըստ օրենքի դատապարտել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ քննությունը թերի է կատարվել, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք չեն ուսումնասիրվել:

Ամբաստանյալ Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքից:

Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին:–0–