Հայտնի է` ում կտրամադրվի Ֆելիքս Ցուլակյանի մանդատը

09.10.2018, 17:54
Հոկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Ֆելիքս Ցոլակյանը։
Հայտնի է` ում կտրամադրվի Ֆելիքս Ցուլակյանի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում որոշում է ընդունել Ազգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցուլակյանի պատգամավորի լիազորությունները տրամադրել Մարտուն Գրիգորյանին, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Ֆելիքս Ցոլակյանը։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–