Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով, հաղորդում է Արդշիբանկի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը, որը կնքվել է FMO-ի Nasira ծրագրի շրջանակներում, լայն հանարավորություն է ընձեռում Արդշինբանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը՝ ներգրավելով նոր ՄՓՄՁ հաճախորդներ՝ հատկապես սատարել երիտասարդներին, կանանց, ներգաղթյալներին, գյուղական տարածքներում գործող ձեռնարկատերերին:
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը կարևորեց FMO-ի հետ նոր համագործակցության մեկնարկը՝ մասնավորապես նշելով. «Կնքված պայմանագիրը մեծ նշանակություն ունի ինչպես Արդշինբանկի, այնպես էլ մեր երկրի տնտեսության համար։ ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Բացի այդ, սա յուրօրինակ նորարարություն է, չէ՞ որ շուկայում բացակայում են այնպիսի այլընտրանքային ծառայություններ, որոնք կառաջարկեին վարկային պորտֆելի պաշտպանություն, ինչպիսին առաջարկում է Nasira-ն»։
«FMO-ն երկար ժամանակ է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում, և մենք շատ ուրախ ենք, որ այժմ համագործակցում ենք նաև Արդշինբանկի՝ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի հետ, ինչը հիմնարար ազդեցություն է ունենում երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արդշինբանկին վստահության համար և ակնկալում ենք երկարատև համագործակցություն»,-նկատեց Հյուիբ-Յան Դե Ռայթերը՝ FMO-ի ներդրումային բաժնի գլխավոր տնօրենը:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
FMO-ն ձեռներեցության զարգացման հոլանդական բանկ է: FMO-ն աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին զարգացող երկրներում և զարգացող շուկաներում՝ ներդրումներ կատարելով հավակնոտ նախագծերի իրականացման մեջ և սատարում է ձեռնարկատերերին։ FMO-ն կարծում է, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, և ունի 50 և ավելի տարիների փորձ, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին՝ դարձնելու երկրի տնտեսությունը ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն: FMO-ն կենտրոնանում է երեք ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման վրա առավել բարձր ազդեցություն՝ ագրոբիզնես, պարեն և ջուր, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պարատավորություննների պորտֆել, որը ներառում է գործունեությունը 85 երկրներում՝ FMO-ն հանդիսանում է մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկը աշխարհում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl․
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: