Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին վնասազերծված հանցախումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով քաղաքական իրազեկ շրջանակներում շրջանառվող տեղեկություններին։
ԱԱԾ–ն հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը>>
Թերթը գրում է, որ նախօրեին խորհրդարանական լրագրողներն արձանագրել էին, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներն, ի տարբերություն նախորդ օրերի, երբ հսկողություն էին իրականացնում իրենց ամրակցված ատրճանակներով, զինված են եղել ինքնաձիգներով։
Ինչպես նշում է թերթը, ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը, սակայն, հայտարարել է, որ ընդամենը գործողություններ են իրականացնում, դա ոչինչ չի նշանակում, իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիր չկա։ –0–