ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը` հղում անելով «Երևան 2800» կայքին։
Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:
Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ:
Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Տոնական միջոցառումներին կարելի է հետևել yerevan2800.am կայքով:–0–