Ռուսական պարբերականը Դիլիջանի UWC դպրոցը անվանել է «Հոգվարթս մագլերի համար» և «Ապագայի դպրոց»

16.03.2017, 17:54
Պարբերականի` Հայաստան ժամանած թղթակիցները այցելել էին Դիլիջանի դպրոցը և ներկայացրել ընթերցողին իրենց տպավորությունները:
Ռուսական պարբերականը Դիլիջանի UWC դպրոցը անվանել է «Հոգվարթս մագլերի համար» և «Ապագայի դպրոց»
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Futurist պարբերականը UWC Dilijan դպրոցի մասին ճանաչողական հոդվածում այն կոչել է «Հոգվարթս մագլերի համար» և «ապագայի դպրոց»:

«20 հազարից պակաս բնակչություն ունեցող Դիլիջանի մասին աշխարհն իմացավ երեք տարի առաջ, երբ այնտեղ բացվեց UWC Dilijan միջազգային դպրոցը: Սա աշխարհով մեկ սփռված United World Colleges (UWC) դպրոցների համակարգերի 17 դպրոցներից մեկն է: Այժմ այնտեղ սովորում է 198 ուսանող աշխարհի 72 երկրներից», - նշվում է հոդվածում:

Պարբերականի` Հայաստան ժամանած թղթակիցները այցելել էին Դիլիջանի դպրոցը և ներկայացրել ընթերցողին իրենց տպավորությունները:

«UWC Dilijan-ում անցկացրած մի քանի ժամը ինձ ստիպեցին կարոտել դպրոցական այն ժամանակները, որ երբեք չեմ ունեցել իմ չորս դպրոցներից և ոչ մեկում: Այստեղ չկա զգացում, որ պարտավոր ես սովորել, այստեղ դու ուղղակի ուզում ես դա անել», - նշել է հոդվածի հեղինակը:

Դպրոց–պանսիոնը մարդասերներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկերների համատեղ նախագիծ է։ Դպրոցի ճարտարապետական հայեցակարգը մշակել է բրիտանական Tim Flynn Architects բյուրոն։ Նախագծի առաջխաղացումն իրականացնում է RD Group միջազգային հոլդինգը։

UWC Dilijan College–ը 2015 թվականին պարգևատրվել է IGRA Green Roof Leadership Awards մրցանակով «Թրենդ թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և ճանաչվել է International Property Awards–ի եվրոպական փուլի հաղթող Public Services Development անվանակարգում։ Բացի այդ, UWC Dilijan College–ն ԱՊՀ տարածքում կրթական միակ հաստատությունն է, որը հավաստագրված է BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով։ -0-