Հայաստանում նախատեսվում է կառուցել բնական չափերի «Նոյյան Տապան»

15.05.2017, 15:00
Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր։
Հայաստանում նախատեսվում է կառուցել  բնական չափերի «Նոյյան Տապան»
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր, հաղորդում է «Կառուցենք ազգովի» հիմնադրամը, որը նախագծի նախաձեռնողն է։

Տապանը կառուցվելու է Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը 30 կանգուն` 13,2 մետր: Տապանը կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով

Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածք հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:

«Պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը», – նշել են հիմնադրամից։

Տապանում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեվորող տարբեր ցուցանմուշներ:

Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան:

Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրեն Մարտուն Հարությունյանը:–0–