ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող 20–ամյա Արման Ջանջուղազյանը երկու ամսով կալանավորվեց, հաղորդում է հանրային պաշտպան Սյուզան Խչեյանը։
Գյումրում տեղակայված ռուսական ռազմակայանի 21–ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22–ին Գյումրու խանութներից մեկի մոտ։ Յալպաևը մահացել է պարանոցի և գլխի շրջանում սուր կտրող–ծակող գործիքից ստացված վնասվածքներից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 20–ամյա Արման Ջանջուղազյանը, ով արդեն մասնակցել է քննչական փորձաքննությանը և փաստաբանի ներկայությամբ ցուցադրել է իր գործողությունները սպանության ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Մասնավորապես, զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:–0–