Երեխան ոչ թե տոպրակի մեջ է եղել, այլ տոպրակով «փաթեթավորված». ընտանիքի հայրը մանրամասներ է պատմում Ջաջուռի դեպքից
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ջաջուռում ողբերգական դեպք էր տեղի ունեցել։
Գյուղի 30–ամյա բնակչուհի Ա.Բ.–ն ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում, և երեխան ընկել է հորը։
Կնոջ ամուսինը` Սամվել Բաղդասարյանը, պատմել է, որ կինը հղիության 8-րդ ամսում էր, երբ դեպքը պատահել է:
«Կինս ասաց, որ իրեն լավ չի զգում ու զուգարան գնաց: Հետո եկավ, երեսին գույն չկար, շատ թույլ էր իրեն զգում ու ցավեր ուներ: Արագ շտապ օգնություն կանչեցի ու նրան տեղափոխեցին Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն: Մենք արդեն երեք երեխա ունենք. երեխայի ղադրը գիտենք, դիտմամբ նման քայլի չէինք գնա: Եթե չուզեինք ունենալ երեխային, ավելի շուտ բժշկի կգնայինք, ոչ թե կթողնեինք` 8 ամսական լիներ ու նոր միայն քայլերի դիմեինք»,- ասել է Բաղդասարյանը, հաղորդում է yerkir.am–ը։
Նա նշել է նաև, որ երեկ արդեն իսկ հարցաքննել են թե՛ իրեն, թե՛ կնոջը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ երեխան տոպրակի մեջ է եղել, Բաղդասարյանը պատասխանել է` այո, կա նման բան, բայց պատճառն իրեն հայտնի չէ:
«Երեխան ոչ թե տոպրակի մեջ է եղել, այլ տոպրակով «փաթեթավորված»: Կնոջս հետ դեռ չեմ խոսել այդ թեմայով, հեռախոսով չեմ հարցնի: Երբ թողնեն տեսակցություն, արդեն կխոսենք ու կհասկանանք իրար»,- ասել է նա:
Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնից էլ տեղեկացրել են, որ կինն իրեն լավ է զգում, բուժում է ստանում, վիճակը բավարար է, սակայն վիժման պատճառները դեռ հայտնի չեն:
Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ դժբախտ դեպք է կատարվել, դիտավորություն պետք չէ փնտրել:
«Այսպես ասեմ` այս ընտանիքին ճանաչողները բոլորն էլ գիտեն` ինչպես էին սպասում երեխայի ծնվելուն: Չեն հասցրել հիվանդանոց գնալ»,- ասել էր նա:
Քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար:–0–

