ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ եկան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։
Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։
Մայիսի 14-ի նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին դիմում, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորում են, որ կալանքից ազատվելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի քննությանն ու չի կատարի Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ։ Նրանք երաշխավորել են, որ նա ներկա կլինի դատական նիստերին դատական ողջ գործընթացի ընթացքում և խնդրում են խափանման միջոց կալանքը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է, որ Արցախի նախագահի գրավոր դիմումը բավարար չէ խափանման միջոցը փոխելու համար, և նա անձմաբ պետք է մասնակցի նիստին։–0–