Ավագանու ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 25,4%–ը. ԿԸՀ

14.05.2017, 15:25
Տեղական ժամանակով ժամը 14։00–ի դրությամբ Ավագանու ընտրություններին քվեարկել է 210 903 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 25,4%–ը։
Ավագանու ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 25,4%–ը. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 14։00–ի դրությամբ Ավագանու ընտրություններին քվեարկել է 210 903 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 25,4%–ը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Նրա խոսքով, մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 842 147 ընտրող։

ԿԸՀ տվյալներով, Երևանի Աջափնյակ համայնքում ժամը 14։00–ի դրությամբ քվեարկել է ընտրողների 28,31%–ը, Ավանում` 36,1%–ը, Արաբկիրում`22,5%–ը, Դավիթաշենում`25,89%–ը, Էրեբունիում`26,29%–ը, Կենտրոնում`21,61%–ը, Մալաթիա–Սեբաստիայում` 20,76%–ը, Նոր Նորքում` 23,87%–ը, Նորք Մարաշում` 30,21%–ը, Նուբարաշենում` 31,26%–ը, Շենգավիթում`29,97%–ը, Քանաքեռ–Զեյթունում` 18,63%–ը։


Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–