ԱՄՆ Պետդեպը սատարում է խաղաղ ցույցերին Հայաստանում ու հորդորում է անցկացնել բանակցություններ

29.04.2018, 11:06
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
ԱՄՆ Պետդեպը  սատարում է խաղաղ ցույցերին Հայաստանում ու հորդորում է անցկացնել բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը», - նշվում է հայտարարության մեջ, որը ներկայացվում է Հյաստանում ԱՄԻՆ-ի դեսպանատան մամուլի ծառայության կողմից:

Նշվում է նաև, որ իրենք պաշտպանում են բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը:

«Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից», - նշվում է հայտարարության մեջ:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-