ԱՄՆ Պետդեպը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն կոչով դիմել է ՀՀ իշխանություններին` անցկացնել մարտիմեկյան իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն։
Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն` ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց Բողոքաբի, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–