ԱԻՆ–ում խառնաշփոթ է, նախարարության կյանքը գրեթե կաթվածահար է եղել

11.01.2017, 12:10
Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ իրավիճակ է առաջացել:
ԱԻՆ–ում խառնաշփոթ է, նախարարության կյանքը գրեթե կաթվածահար է եղել
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ իրավիճակ է առաջացել:

Նախարարության կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ոչ բոլորն են ենթարկվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին, գրում է «Հրապարակը»։

Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է, թեպետ մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, սակայն երեկ նա թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է այդ լուրն՝ ասելով, որ ինքը նման առաջարկ չի ստացել ու թերթից է լսում այդ մասին։

Շատ ավելի տրամաբանական է թվում այն տեղեկությունը, որ իշխանությունը որոշել Է մինչև նոր կառավարության ձևավորումը՝ ապրիլ, նախարար չնշանակել։

«Նոր նախարարը կնշանակվի նոր կառավարության կազմում, որը ձևավորվելու է ԱԺ ընտրություններից հետո, նոր Սահմանադրության սկզբունքներով։ Սակայն ԱԻՆ-ում գնալով իրավիճակն անվերահսկելի է դառնում, տարբեր բաժնի պետեր, այդ թվում՝ կադրերի պետը, այստեղ նոր կարգեր են սահմանել և հնարավոր է իրավիճակը կարգավորելու համար ներսից «անցումային» նախարար նշանակվի», – գրում են հոդվածի հեղինակները։

Պարբերականի հաղորդմամբ, քննարկվում է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։–0–