2013 թվականի ամենաուշագրավ քաղաքական իրադարձությունները «Նովոստի–Արմենիա» գործակալության դիտանկյունից

23.12.2013, 20:05
2013 թվականի ամենաուշագրավ քաղաքական իրադարձությունները «Նովոստի–Արմենիա» գործակալության դիտանկյունից
2013 թվականի ամենաուշագրավ քաղաքական իրադարձությունները «Նովոստի–Արմենիա» գործակալության դիտանկյունից

Ավարտվող տարում, ամենայն հավանականությամբ, վերջակետ դրվեց հայկական իշխանությունների աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Սեպտեմբերի 3–ին Նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա և նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կանդամագրվի Մաքսային միությանը, իսկ այնուհետև դրա հիմքի վրա ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը, նշանակում էր, որ Հայաստանն ընտրեց ինտեգրման եվրասիական վեկտորը։ Այդ հայտարարությունը, փաստորեն, վերջակետ դրեց Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրերի (DCFTA)` շուրջ 3.5 տարի տևած բանակցություններին։ Համաձայնագրերը ծրագրվում էր վավերացնել «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում։ Իշխանություններն իրենց որոշումը հիմնավորեցին Հայաստանի անվտանգության ամրապնդման հարցերով, ինչպես նաև այն տնտեսական շահերով, որոնք կտա հանրապետությանը ՄՄ–ի անդամակցությունը։

Եվրոպացիները մեղադրեցին Ռուսաստանին  Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, սակայն հայկական և ռուսական իշխանությունները հերքեցին դա։

Իշխանությունները միաժամանակ հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ–ի հետ տարբեր ուղղություններով, որքանով դա ընդունելի կլինի ԵՄ–ի համար և չի հակասի ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը, և «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում նախավավերացնել Ասոցացման համաձայնագիրն առանց DCFTA–ի։ Սակայն եվրոպացիները չհամաձայնեցին այդ առաջարկին։

ԵՄ ներկայացուցիչներն իրենց որոշումը պայմանավորեցին նրանով, որ առանց DCFTA–ի Ասոցացման համաձայնագիրն իմաստ չունի, ինչպես նաև հայտարարեցին, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և վերանայել Երևանի հետ ավելի վաղ նախատեսած ծրագրերը` միաժամանակ ավելի ուժեղացնելով աշխատանքը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ։ 

3. Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան

Դեկտեմբերի սկզբին պետական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուս առաջնորդի այցը կայացավ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից անմիջապես հետո և չափազանց արգասաբեր էր դրա ընթացքում ստորագրած փաստաթղթերի ծավալների և բովանդակության տեսանկյունից։ Այսպես, Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում նրանց ներկայությամբ ստորագրվեցին ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագիր և մինչև 2020 թվականը տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրի իրագործման 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր։ Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազի ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։

Նախագահներն ընդգծեցին նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում որոշվեց, որ Հայաստանը ռուսական զենք կգնի ներքին ռուսական գներով։

Հատկանշական է, որ հայկական ընդդիմությունը ոչ միանշանակ ընկալեց Պուտինի այցը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` հայտնելով, որ «իշխանությունները Հայաստանը վաճառում են Ռուսաստանի պարտքերի դիմաց»։ Ընդդիմությունը կոչ արեց նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան սկսվեց Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայան կատարած այցելությունից, ինչն իբր վկայում է, թե որոնք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում

4. Երկու տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը

Նոյեմբերի 19–ին գրեթե երկամյա դադարից հետո Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը։ Դա առաջին հանդիպումն էր աղմուկ հանած «Սաֆարովի գործից» հետո, երբ Ալիևը 2012 թվականի օգոստոսին Ադրբեջան վերադարձրեց Հունգարիայում կալանավորված մարդասպանին, իսկ այնուհետև միանգամից ազատեց և ազգային հերոսի կոչում շնորհեց։ Ադրբեջանցի նախագահի այս գործողությունները կտրուկ քննադատության արժանացան հայկական և միջազգային հանրության կողմից։ Ավելին, Հայաստանը նույնիսկ դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը, և հունգարական ԱԳՆ–ն ստիպված եղավ ներողամտություն հայցել, պարզաբանումներ տալ և խնդրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ վերականգնելու մասին։

Թեև նախագահ Սարգսյանը վիեննական հանդիպումը ղարաբաղյան կարգավորման բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ համարեց, սակայն փորձագետների մեծամասնությունը ստիպված էր խոստովանել, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումը միայն բանակցությունների վերսկսումն էր բարձր մակարդակով, քանի որ կարծում են, որ առաջիկայում բանակցային գործընթացում որևէ ճեղքում ակնկալել չարժե։ Այն մասին, որ հենց հակամարտությունում առանձնապես առաջխաղացում չի սպասվում, վկայում է նաև այն փաստը, որ նախագահների հանդիպումից մեկ ամիս անց ադրբեջանական կողմից կատարված գնդակոծման հետևանքով սպանվեց Հայաստանի զինված ուժերի զինծառայող։

Հարկ է նշել, որ 2013 թվականի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ընդ որում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում, այլ նաև Հայաստանի հետ սահմաններում։

5. Րաֆֆի Հովհաննիսյանի Barevolution–ը

Փետրվարի 18–ի նախագահական ընտրության պարտությունից հետո երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց ընտրությունների արդյունքները։ Պահանջելով ժողովրդին հանձնել իշխանությունը` նա հայտարարեց Հայաստանում Barevolution սկսելու մասին, որին սատարեցին արվեստի և մշակույթի մի շարք գործիչներ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի երկրներում։ Փետրվարի 21–ին Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունեց նախագահ Սարգսյանը։ Հանդիպումն անցկացվեց փակ ռեժիմով, առանց լրագրողների ներկայության։ Այն սկսվեց թեթև և անկաշկանդ մթնոլորտում, ինչի մասին են վկայում պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից տրամադրված կադրերը հանդիպման առաջին րոպեներից։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նախագահական ընտրություններին և հետընտրական ժամանակահատվածի հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Սարգսյանն ու Հովհաննիսյանը կարևորեցին բոլոր գործընթացների իրականացումը Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Հետագա իրադարձություններից դատելով` Հովհաննիսյանը հիասթափված էր Սարգսյանի հետ հանդիպումից և հայտարարեց հացադուլ սկսելու մասին, որը տևեց մարտի 10–ից 31–ը` Ազատության Հրապարակում։ Իսկ ապրիլի 9–ին` նախագահի երդմնակալության օրը, «Ժառանգության» առաջնորդն այլընտրանքային երդմնակալություն կազմակերպեց։

Նույն օրը երեկոյան Հովհաննիսյանի կողմնակիցները փորձեցին անցնել դեպի նախագահի նստավայր, բայց նրանց կանգնեցրեցին իրավակարգի աշխատակիցները։ Բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց, սակայն Հովհաննիսյանի` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո ցուցարարներին թույլ տվեցին շարունակել երթը և վերադառնալ Ազատության հրապարակ։

Ապրիլի 9–ի իրադարձություններից հետո «Ժառանգությունը» բողոքի մի շարք ակցիաներ անցկացրեց մարզերում, սակայն դրանց մասնակիցների թիվը կտրուկ կրճատվեց, և մայիսին Երևանի Ավագանիների խորհրդի ընտրություններից հետո «բարևի հեղափոխությունը» փաստացի նահանջեց։ Միաժամանակ, ինչպես ցույց տվեցին հասարակական հարցումները, եթե փետրվարի նախագահական ընտրություններում Հովհաննիսյանը հավաքեց քվեների գրեթե 37 տոկոսը, ապա մայիսին «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (որի միջուկը «Ժառանգություն» կուսակցությունն էր) հավաքեց ընդամենը ձայների 8.48 տոկոսը։

Ինքը Հովհաննիսյանն իր պարտությունը բացատրեց մի կողմից նրանով, որ նրան և իր կողմնակիցներին խանգարեց հետխորհրդային երկրներում արմատացած իշխանության ուղղաձիգի համակարգը, իսկ մյուս կողմից` ընդդիմադիր ուժերի պառակտված լինելը։

6. Մահափորձ նախագահի թեկնածուի նկատմամբ կամ էպոսագետ–պատվիրատուի ձերբակալությունը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բուռն իրարանցում առաջացրեց թեկնածուներից մեկի` «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ, խորհրդային տարիներին հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը։ Հունվարի 31–ի երեկոյան անհայտ անձը կրակել էր Հայրիկյանին սեփական տան մուտքի մոտ։ Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին։ Իրադարձություններից հետո մի փոքր ուշքի գալով` նախագահի թեկնածուն իսկական շոու կազմակերպեց։ Սկզբում նա, օգտվելով իր իրավունքից, դիմեց Սահմանադրական դատարան և պահանջեց հետաձգել ընտրությունները, այնուհետև փոխեց մտադրությունը և հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին սահմանված ժամկետում, այսինքն` փետրվարի 18–ին։ Բազմաթիվ ասուլիսների ժամանակ, որոնք նա սկսեց դեռ հիվանդասենյակից, նախկին այլախոհը հայտարարում էր, որ մահափորձում երևում է «Կրեմլի ձեռագիրը» և խորհրդային հատուկ ծառայությունների աշխատաոճը։

Միաժամանակ արդեն փետրվարի 7–ին Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց երկու տղամարդկանց` թմրանյութերի անօրինական շրջանառության համար նախկինում դատված Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին։ Պողոսյանի տանը կատարած զննության արդյունքում հայտնաբերվեց «Նագան» ատրճանակ, որից կրակել էին Հայրիկյանին։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ տվեցին։ Պարզվեց, որ տղամարդիկ ավելի վաղ աշխատել են նախագահի մեկ այլ թեկնածուի` էպոսագետ Վարդան Սեդրակյանի մոտ, ով, ինչպես ավելի ուշ պարզվեց, հենց մահափորձի պատվիրատուն էր։ Դատարանի որոշումով Սեդրակյանը մեղադրվեց պատվիրված սպանության մեջ և դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ Տվյալ գործող մյուս մեղադրյալներ Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը դատարանի որոշմամբ դատապարտվեցին համապատասխանաբար 14 և 12 տարվա ազատազրկման։

Հարկ է նշել, որ ինքը Սեդրակյանն իր մեղքը չխոստովանեց, իսկ Պողոսյանն ու Հարությունյանը հայտարարեցին, որ ոչ մի պատվիրատու չի եղել, և նրանք միայն ցանկացել են վախեցնել Հայրիկյանին։

7. Երևանի քաղաքապետի ընտրություններ. ՀՀԿ–ն հաղթական վերջակետ է դնում

Մայիսի 5–ին Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունը հաղթող դարձավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը` դրանով իսկ հաղթական վերջակետ դնելով մեկ տարի տևած ընտրական փուլին։ Այդ ժամանակահատվածում իշխող կուսակցությունը հաղթանակ գրանցեց 2012 թվականի մայիսին կայացած ԱԺ ընտրությանը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, 2013 թվականի փետրվարի 18–ի նախագահական ընտրությանը։ Քաղաքապետի ընտրությանը մասնակցեց յոթ քաղաքական ուժ, սակայն կուսակցությունների համար ընտրական 6–տոկոսանոց և կուսակցական դաշինքների համար 8–տոկոսանոց արգելքը կարողացան հաղթահարել միայն դրանցից երեքը։

Եթե Հովհաննիսյանին հաջողվեց փետրվարի նախագահական ընտրությունների ընթացքում հավաքել քվեների գրեթե 40 տոկոսը, ապա մայիսին «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը, որի առաջատար ուժը «Ժառանգություն» կուսակցությունն է, հազիվ կարողացավ հաղթահարել 8–տոկոսանոց շեմը։ Երկրորդ տեղն ընտրություններում զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստանը»` քվեների 23.05 տոկոսը։

ՀՀԿ–ն, որի ընտրացուցակը ղեկավարում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավաքեց 55.86 տոկոս։

8. «100, ոչ թե 150» կամ մայրաքաղաքի բնակիչների հաղթանակը քաղաքապետարանի նկատմամբ

2013 թվականի ամռանը կատարված իրադարձությունները, երբ իսկական «մենամարտ» ծավալվեց քաղաքապետարանի և Երևանի բնակիչների միջև հանրային  տրանսպորտից օգտվելու ուղեվարձի հարցում իր իրավունքների համար, քաղաքի պատմության մեջ մտան որպես քաղաքացիական հասարակության իրական ձեռքբերում։ Բողոքի բուռն ալիքի պատճառը հանրային տրանսպորտի ուղեվարձի` մինչև 150 դրամ թանկացնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումն էր։ Facebook սոցիալական ցանցում ձևավորված բողոքի ակցիան «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով ժողովրդական լայն աջակցություն ունեցավ։ Նույնիսկ ոստիկանության միջամտությունը, որը փորձում էր ձերբակալել քաղաքացիական ակտիվիստներին նոր սակագին չվճարելու կոչերի համար, չօգնեց դադարեցնել ժողովրդական շարժումը։

Շոու–բիզնեսի, քաղաքականության ներկայացուցիչները և լրագրողները, ինչպես նաև քաղաքացիներ, սկսեցին «Free car!» կարգախոսով շարժում, որի շրջանակում երևանցիներին անվճար տեղափոխում էին սեփական ավտոմեքենաներով։ 7 օր անց քաղաքապետարանը ստիպված էր նահանջել երևանցիների այս հզոր բողոքի դեմ և չեղյալ հայտարարել, փորձագետների կարծիքով, չհիմնավորված որոշումը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ քաղաքապետարանը կվերանայի հանրային տրանսպորտի ուղեվարձի գնի հարցը` ընդգծելով, որ գնի թանկացման այլընտրանք չկա։ Քաղաքապետը նշեց, որ նախկին սակագինը տրանսպորտի աշխատանքը ոչ եկամտաբեր է դարձնում։

9. Հակառուսական տրամադրությունները հայկական ԶԼՄ–ներում և բլոգոլորտում

Ընթացիկ տարին նշանավորվեց հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում հակառուսական` մինչ այդ չտեսնված արշավով, ընդ որում հակառուսական տրամադրություններն ակտիվորեն օժանդակություն էին ստանում արևմտամետ քաղաքական և հասարակական ուժերից։ Հակառուսական տրամադրվածության հերթական զարգացման պատճառը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակով զենքի վաճառելու մասին տեղեկությունն էր։

ՀԱՊԿ, ԱՊՀ դաշնակից, ռազմավարական գործընկերոջ կողմից նմանատիպ քայլը չէր կարող չվրդովեցնել Հայաստանին, որի հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական չեն։ Դրան զուգընթաց կրքերը թեժացնում էին հանրապետություն մատակարարվող գազի սակագների բարձրացման մասին հայտարարությունները։ Հակառուսական տրամադրությունների հերթական ալիք բարձրացավ Նոր Մոսկվայում կատարված խոշոր ՃՏՊ–ի առիթով, երբ «ԿամԱԶ»–ի վարորդ, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մեղքով զոհվեց 18 մարդ, իսկ նրան դատարան բերեցին կնոջ խալաթով։ Հայ հասարակության որոշակի հատվածը դրանում հայի արժանապատվության ոտնահարում տեսավ, և մի քանի օր անց վիրավորված մարդիկ ուղղվեցին դեպի ռուսական դեսպանություն` իրենց վրդովմունքն արտահայտելու նվաստացուցիչ վերաբերմունքի կապակցությամբ։

Հայ հասարակության որոշ հատվածը բուռն արձագանքեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Այդ քայլը ոմանք նույնիսկ ընկալեցին որպես ճնշման փորձ Մոսկվայի կողմից, ինչն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարվելիք այցի դեմ բողոքի ակցիայի պատճառ դարձավ։ Ակցիայի ընթացքում Երևանի ոստիկանության բաժիններ բերվեցին 110 մասնակիցներ։

Ինչպես կարծում են մի շարք հայ փորձագետներ, Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, զիջում է այն մասում, որը կոչվում է «մեղմ ուժ»` նկատի ունենալով նրա գործողությունները լրատվական դաշտում։ Իսկ դա, ըստ նրանց, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանում դեռևս չկա ընդհանուր ըմբռնում, թե ինչպես է պետք աշխատել հետխորհրդային տարածքում կամ այն տարածաշրջաններում, որոնք Ռուսաստանում իներցիայով համարում են իրենց հետաքրքրությունների տարածաշրջաններ։

10. Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի սպանությունը. «Սյունիքի տիրոջ» հրաժարականը

Հունիսի 1–ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ Գորիսում կատարված հրաձգության հետևանքով, ստացած հրազենային վնասվածքներից մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։ Վիրավորվեց նաև ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը, ով, հայկական ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն, մարզպետի թիկնապահն էր։ Հունիսի 4–ին մարզպետի որդուն և թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` 104–րդ հոդվածի երկրորդ մասի վեցերորդ կետով (բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր կերպով կատարած սպանություն), 235–րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերում, իրացում, տեղափոխում կամ կրում) և 112–րդ հոդվածի առաջին մասով (մարդու առողջության համար վտանգավոր մարմնական վնասվածք կամ առողջությանը ծանր վնաս հասցնելը)։ Դատարանի կողմից կալանավորվել են երկու ամսով։

Մարզպետը միաժամանակ չդարձավ քրեական գործի գործող անձ, քանի որ իբր նախաքննության ընթացքում պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ նրա տան մոտ հրաձգություն էր կատարվում, Սուրեն Խաչատրյանը, գտնվելով ալկոհոլային ազդեցության տակ, քնած է եղել տան հեռավոր հատվածում և չի լսել կրակոցները։ Խաչատրյանը միայն մինչև քննության ավարտը հրաժարականի մասին հայտարարություն արեց, որն ընդունվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ 

Սեպտեմբերի 7–ին նախաքննության մարմինը հայտնեց Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման և նրանց ազատ արձակելու մասին։ Ինչպես հայտնեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, քննության ընթացքում պարզվեց, որ «մեղադրյալների գործողությունները համընկնում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշների հետ»։

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը միաժամանակ այդպես էլ հստակ չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք օրենքի խախտում չէ Սուրեն Խաչատրյանի անունով գրանցած զենքի կիրառումն իր որդու և թիկնապահի կողմից, և որքանո՞վ է համընկնում անհրաժեշտ ինքնապաշտպանության հատկանիշների հետ նրանց կողմից կատարած 11 կրակոցներն իբր Ավետիք Բուդաղյանի մոտ անօրինական գտնված Beretta ատրճանակից արված երկու կրակոցին ի պատասխան։ -0-