Ֆրանսիան օրենքից դուրս է հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը. գործընթացը սկսված է

25.01.2012, 12:37
Ֆրանսիան օրենքից դուրս է հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը. գործընթացը սկսված է
Ֆրանսիան օրենքից դուրս է հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը. գործընթացը սկսված է

Ֆրանսիայի Սենատը նախօրեին  ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի ընդունած փաստաթուղթը դարձավ աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկը և վերջնականապես հավասարակշռությունից հանեց թուրքական իշխանություններին, որոնք փորձում էին սպառնալիքների և հրապարակային շանտաժիմիջոցով կանխել օրենքի ընդունումը:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Չնայած, որ ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան Թուրքիայում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվում էր ֆրանսիական վերնախավի շրջանում վաղուց և բավականին երկար ժամանակ, սակայն նախորդ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցից հետո այդ թեման հրատապ դարձավ:

Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշեց, որ եթե Թուրքիայի նման երկիրը ճանաչեր իր պատմության սև էջերը՝ դարասկզբի Ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան և Հայաստանն այդ ամենը հաշտեցմանն ուղղված մեծ քայլ կհամարեին: Սարկոզին կոչ արեց Անկարային ընդունել այդ պատմական փաստը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Փարիզը ստիպված կլինի դիմել որոշակի քայլերի, մասնավորապես՝ Ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

Այն ժամանակ հայկական հասարակության արձագանքը ավելի սկեպտիկ էր՝ ելնելով այն հանգամանքից, որ շատ երկրների նախագահներ օգտագործել և օգտագործում են Հայոց ցեղասպանության ճանաչման թեման իրենց նախընտրական նպատակներով՝ ուժեղ հայկական լոբբիի աջակցությունը ստանալու համար:

Սակայն Սարկոզին իր խոսքի տերը եղավ, և Ֆրանսիայի ԱԺ-ն դեկտեմբերի 22-ին կայացած նիստի ժամանակ ընդունեց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը:
Թուրքական կողմի արձագանքը չուշացավ: Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը միանգամից հայտարարեց Փարիզից դեսպանի հետ կանչման մասին՝ որպես առաջին պատասխան միջոց, որին հետևեցին Ֆրանսիայի հետ տնտեսական, ռազմական և ցանկացած այլ տեսակի հարաբերությունների խզման մասին սպառնալիքները, եթե օրինագիծը հավանության արժանանա երկրի Սենատի և նախագահի կողմից: Չնայած այս սպառնալիքներին՝ Սենատն ընդունեց օրենքը:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ նախորդ երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործկոմի նիստի ժամանակ, որը գլխավորում է Էրդողանը, քննարկվել են Ֆրանսիայի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները: Մասնավորապես, ինչպես գրում է «Միլիեթ» թերթը, հնարավոր է, որ խոսքը անորոշ ժամանակով Փարիզից դեսպանի և ռազմական կցորդի հետ կանչման, Անկարայում ֆրանսիացի ռազմական կցորդին հավատարմագրումից զրկելու, Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու (մինչև երկրորդ քարտուղարի մակարդակի), Թուրքիայում անցկացվող տենդերներին ֆրանսական ընկերությունների մասնակցության արգելքի, ֆրանսիական բանակի ռազմական ինքնաթիռների և նավերի համար թուրքական օդային տարածքի փակման մասին է:

«Եթե այդ օրենքը գործողության մեջ դրվի ֆրանսիական կառավարության կողմից, նրանց երկարաժամկետ հետևանքներ են սպասում: Ֆրանսիան կորցնում է իր ռազմավարական գործընկերոջը», - հայտարարել է Փարիզիում Թուրքիայի դեսպանի ներկայացուցիչ Էնգին Սոլակօղլուն (Engin Solakoglu):

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Անկարայի հիստերիկ քաղաքականությունը նպաստեց ֆրանսիական Սենատի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը:

«Թուրքիան որոշակի առումով կորցրեց կողմնորոշումները, նա մոռացավ, որ իր առջև փոքր Հայաստանը չէ, որի բնակչությունը 20 անգամ պակաս է թուրքականից: Շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը նա ամեն տեղ է կիրառում... Շատ եվրոպացիներ աստիճանաբար գիտակցում են, թե ում հետ գործ ունեն»,- ասաց քաղաքագետը:

Չնայած Թուրքիայի կողմից հնչող բոլոր զգուշացումներին՝ Սենատը որևէ բառ չփոխեց փաստաթղթում, որի սկզբունքն անփոփոխ է՝ մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք:
Այժմ մնում է սպասել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Պաշտոնական Երևանը մեծ գոհունակությամբ ընդունեց Սենատի որոշումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիին, որում երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

«Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար», - նշվում է Սարգսյանի ուղերձում:
Նա նշել է, որ այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր: «Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ», - ասել է Սարգսյանը:

Հայաստան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Սենատի ընդունած որոշման օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։
Նրա խոսքերով՝ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան:

Պաշտոնատարների հետ միասին հայ քաղաքական մեկնաբանները, այդ թվում նաև ողջ հայկական հասարակությունը, մեծ լավատեսությամբ ընդունեցին Սենատի որոշումն ու հույս հայտնեցին, որ Ֆրանսիայում սկսված գործընթացը լավ օրինակ կդառնա նաև մյուս երկրների համար:

Մասնավորապես Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելցի սոցիոլոգ, ցեղասպանությունների պատմության մասնագետ, «Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտիե գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չառնին կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իսրայելը պետք է վերջ դնի այս խաղին և ամբողջովին ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է Jerusalem Post Magazine-ում հրապարակած Չառնիի հոդվածում:

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Չնայած հայության ոգևորությանը, որի պատճառը Սենատի որոշումն է, հայկական հասարակությանը չեն կարող չմտահոգել առանցքային հարցերը. ի՞նչ կտա օրինագիծը Հայաստանին, ինչպե՞ս այն կանդրադառնա մեր երրորդ հանրապետության վրա, ինչպե՞ս Թուրքիան կփոխի իր արտաքին, հատկապես տարածաշրջանային քաղաքականության ուղեգիծը:

Կցանկանայինք հուսալ, որ Թուրքիան կվերադառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին: Դա թույլ կտա նրան համաշխարհային հանրության առջև հանդես գալ բարյացակամ վերաբերմունքով, որը մտադիր է կարգավորել բոլոր հարցերը, այդ թվում նաև վերադառնալ պաշտոնական Երևանի հետ երկխոսությանը:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպես իրեն կդրսևորի Անկարան, սակայն մի բան պարզ է՝ արտերկրում ազդեցիկ հայկական լոբբի, հզոր հայկական սփյուռքի կերպարն, իսկապես, փոթորկում է թուրքական կողմի երևակայությունը, և հարկավոր է օգտվել այս փաստից և աջակցել տարբեր պետությունների օրակարգում Հայաստանի համար կարևոր հարցերի որակական ներդրման նախաձեռնությանը:-0-

Հակոբ Գաբրիելյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»