Սթիվ Վոզնյակ՝ Սիլիկոնային հովտի հանճարը «մասամբ հայ» է դարձել

14.11.2011, 12:06
Սթիվ Վոզնյակ՝ Սիլիկոնային հովտի հանճարը «մասամբ հայ» է դարձել
Սթիվ Վոզնյակ՝ Սիլիկոնային հովտի հանճարը «մասամբ հայ» է դարձել

«Երբեք մի վստահիր այն համակարգչին, որը չես կարող դուրս նետել պատուհանից», սա Apple ընկերության համահիմնադիր, Սիլիկոնային հովտի կենդանի լեգենդ Սթիվ Վոզնյակի բազմաթիվ արտահայտություններից մեկն է: Այս ասույթում ողջ Վոզնյակն է՝ խորը, սրամիտ, միամիտ ու հանճարեղ:

Նրան հաճախ համեմատում են Պիտեր Պենի հետ՝ մի տղայի, որը չէր ցանկանում մեծանել և այդպես էլ չմեծացավ: Դա կարող է հաստատել Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ, ում անցած երկու օրերին բախտ է վիճակվել հանդիպել նրա հետ, ով տեսել է, թե ինչպես է 61-ամյա տղամարդը մանկական խանդավառությամբ Երևանի Հանրապետության Հրապարակում երկանիվ սիգվեյով (sigway) սլանում:

Եվ ի՞նչն է բերել 20-րդ դարավերջի մեծագույն համակարգչային հանճարնեից մեկին Հայաստան:

Առաջին հանդիպումը

Սթիվ Վոզնյակը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Երևան՝ «ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի մրցանակը ստանալու համար: «Սա ինձ համար բացառիկ պատիվ է, քանի որ նման մրցանակի ես երբեք չեմ արժանացել», - ասել է նա:

Եվ իրոք, կարծես, ողջ Երևանն իրական հանդիսություն էր կազմակերպել նրա պատվին: Երկու օր վաղ առավոտից մարդկանց ամբոխը հավաքվում էր նրա իջևանած հյուրանոցի դռների մոտ: Մարդիկ ցանկանում էին անձամբ տեսնել այն մարդուն, ով ժամանակին փոխեց մարդկային պատմության ընթացքը:

Ինքը՝ Վոզնյակը, չէր առարկում՝ նա հաճույքով ինքնագրեր էր բաժանում՝ ստորագրելով Apple-ի և iPhone-ի նոութբուքերի վրա:

Կատակասերը

Վոզնյակը, ով հայտնի է տարատեսակ կատակների նկատմամբ իր սիրով, իր ժամանման առաջին իսկ օրը կատակել է Երևանի «Armenia-Mariott» հյուրանոցի աշխատակազմի հետ, որտեղ նա օթևանել է: Նա իր համար հատուկ սարք է մշակել և տեղադրել ճամպրուկների մեջ: «Այն շատ հարմար և հասարակ սարք է, ես պարզապես սեղմում եմ կոճակը և այն ծվծվում է: Այսպես հեշտությամբ գտնում եմ իր ճամպրուկները: Իսկ երեկ երեկոյան որոշեցի կատակել՝ միացնելով այն հյուրանոցում: Կարծում եմ, որ բոլորին թվաց, թե ինձ մոտ ռումբ կա», - պատմել է նա:

Ավելի ուշ Վոզնյակը պատմել է, որ ուսանողական տարիների իր գործընկեր և ընկեր, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ նման կատակներ էին կազմակերպում համալսարանում, ինչն իսկական իրարանցում էր առաջացնում: «Այն ժամանակ ես սարքեր էին մշակում, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, որոնք բնորոշ են դետոնատորի ազդանշանին: Մենք Սթիվի հետ միասին տեղադրում էինք դրանք մեր համադասարանցիների պահարաններում: Ուրախ էր, կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է ինչ-որ կերպ լիցքաթափվի ամենօրյա բացասական մթնոլորտից», - ավելացրել է նա:

Մարդիկ, որոնք փորձում են փոխել աշխարհը

Փոխել աշխարհը՝ սա էր Սթիվ Ջոբսի և Վոզնյակի կյանքի նպատակը: «Կգա ժամանակ, երբ համակարգիչները կսկսեն հասկանալ մարդկային զգացմունքները և իրենք էլ կզգան, կարարեն, մտածելու կարողություն կունենան: Այդ ամենը կլինի, երբ մենք Սթիվի (Ջոբսի) հետ սկսում էինք, ոչ ոք չէր հավատում, որ կգա մի ժամանակ, երբ համակարգիչներ կլինեն յուրաքանչյուր տանը: Ես այն ժամանակ ցանկանում էի, որ գա այն ժամանակը, երբ ինժեներներն աշխարհի կարևորագույն մարդիկ դառնան: Այդպես էլ եղավ»,- ասաց Վոզնյակը հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Վոզնյակը նշեց, որ այդ ամենը կախված է մարդու հասարակ ցանկությունից: «Երբ սովորում էի ավագ դպրոցում, սեփական համակարգիչ էի ուզում ունենալ, իսկ դրանք այն ժամանակ շատ թանկ արժեին: Չունենալով համակարգիչ ձեռք բերելու հնարավորություն և միջոցներ՝ ես ինքս սկսեցի դրանք նախագծել: Ես սեփական համակարգիչս տեսնում էի գոյություն ունեցող մոդելներից տարբերվող տեսքով, առանց այդ անիմաստ լծակների, լամպերի և կոճակների: Ես ստեղծեցի անձնական օգտագործման համակարգիչ, պարզապես ցանկանում էի խաղալ և աշխատել դրանով, իսկ հետո հանդիպեցի Սթիվին, ով ասաց. «Օ, սա կարելի է վաճառել»: Այդպես էլ շարունակվում էր անընդհատ. ես ինձ համար խաղալիքներ էի ստեղծում, իսկ Սթիվը վաճառում էր»,- ասաց Վոզնյակը:

Երիտասարդ հայ մասնագետներին Վոզնյակը խորհուրդ տվեց միշտ հետևել իրենց նպատակներին: «Սկզբում հասկացեք, թե ինչ եք ուզում, ինչ է ցանկանում ձեր սիրտը, և հետևեք դրա կանչին: Դուք կարող եք վճարովի աշխատանք գտնել, դա նորմալ է, բայց գոնե գիշերը ժամանակ գտեք ձեր երազանքն իրականացնելու համար»,- ասել է նա:

Վոզնյակը վստահ է, որ կարևոր չէ, թե որքան գումար է վաստակում հաջողության հասած մարդը, որքան զբոսանավեր և երկրպագուներ ունի նա, «ավելի կարևոր է, թե ինչ ես զգում, արդյոք բավարարվա՞ծ ես քո աշխատանքով»:

Մենք կսպասենք քեզ, Սթիվ...

Երկու օրվա ընթացքում Վոզնյակը հասցրել է հանդիպել ՏՏ ոլորտի մասնագտենրի, ուսանողների, գիտնականների, վարչապետի, կառավարության անդամների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հետ այցելել Ծիծեռնակաբերդ և վերջապես, հանդիպել երկրի նախագահի հետ:

Այս այցը հանկարծակի էր, և բնականաբար նրան չհաջողվեց երկու օրվա ընթացքում տեսնել Հայաստանը: «Ցանկանում եմ վերադառնալ, այցելել համալսարաններ, հանդիպել այստեղ ապրող հիանալի մարդկանց հետ», - ասել է նա:

«Վերջին երկու օրերին տեսնելով ոգեշնչված երիտասարդ հայերի դեմքերը՝ արդեն ինձ ձեզանից մեկն եմ համարում»,- ասել է Վոզնյակը՝ խոստանալով հետագայում անպայման վերադառնալ Հայաստան, քանի որ այս այցից հետո նա ընդմիշտ «մասամբ հայ» կմնա: -0-