Քաղաքապետի շուրջ բորբոքվող կրքերը. ո՞վ է հաջորդը

28.10.2011, 20:11
Քաղաքապետի շուրջ բորբոքվող կրքերը. ո՞վ է հաջորդը
Քաղաքապետի շուրջ բորբոքվող կրքերը. ո՞վ է հաջորդը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի շուրջ մամուլի կողմից ստեղծված ինտրիգը, որը նախօրեին ալեկոծեց մայրաքաղաքի հասարակությանը, ուրբաթ անսպասելի հանգուցալուծում ունեցավ:

Քաղաքապետը, ով նախօրեին խուսափում էր այդ հարցի շուրջ որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ, բավարարեց հասարակության հետաքրքրությունը՝ հարցազրույց տալով տեղի հեռուստաալիքներից մեկին և հրաժարական տալու մտադրության մասին տեղեկատվություն տեղադրելով Facebook-ի իր պաշտոնական էջում:

Քաղաքապետի պաշտոնից Կարապետյանի հեռանալն այնքան անսպասելի էր, որքան նրա նշանակումը: Հայաստանի գազային հսկայի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ընտրվեց քաղաքապետի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:

Նա ընտրվեց, երբ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հեռացվեց պաշտոնից ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցի հետ տեղի ունեցած սկանդալի պատճառով: Սակայն իրեն որպես լավ մենեջեր և հաջող սեփականատեր ներկայացրած Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարեց ինը ամսից մի քիչ ավել:

ԼՈՒՐԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Քաղաքապետի սպասվելիք հրաժարականի մասին լուրերը հայտնվեցին, երբ նրան կանչեցին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Մամուլը միանգամից սկսեց խոսել Կարապետյանի հրաժարականի մասին «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում նրա տեղափոխման կապակցությամբ, որտեղ աշխատավարձը կազմում է 100 հազար դոլար:

Կարապետյանը, հաստատելով իր հրաժարականի մասին լուրերը, բացատրեց իր որոշումն այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով, սակայն չպարզաբանեց, թե կոնկրետ ինչ աշխատանքի է անցնելու և որոնք են պատճառները: Սակայն ասաց, որ չի ձգտում զբաղվել քաղաքականությամբ և չի խզի կապերը Հայաստանի հետ:

«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ես չկամ այդ դաշտում, սակայն դա չի նշանակում, որ կապեր չեմ ունենալու Հայաստանի կամ այսօրվա իրականության կամ այսօրվա թիմի հետ, որի անդամ եմ ինձ համարում», - ասել է Կարապետյանը:

ԾԱՆՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Կարապետյանը խոստովանեց, որ հրաժարականի մասին որոշումը հեշտությամբ չի ընդունել, այդ որոշումը բացասաբար է ընդունել նրա ընտանիքը: Նա նաև նշել է, որ այս հարցը քննարկվել է նախագահ Սարգսյանի հետ: «Մենք շատ լավ զրույց ունեցանք, համենայն դեպս այդպես էր ինձ համար: Ես շատ եմ հարգում նախագահին, և իրականում նա ֆանտաստիկ մեծ դեր է խաղացել իմ նշանակման հարցում, և ես փորձել եմ նրան բացատրել, որ պաշտոնից հեռացումը չի նշանակում, որ ես դուրս եմ գալիս թիմից», - ասել է նա:

Այսպիսով, Կարապետյանը հերքեց լուրերն այն մասին, թե նրա հրաժարականը կապված է որևէ ներքաղաքական տարաձայնության հետ: Նա ընդգծեց, որ նախագահի և կուսակցության կողմից դրսևորած վստահությունը «բավականին անսահման էր»:
«Դեպք չի եղել, երբ որոշումները, որոնք մենք ճիշտ էինք համարում քաղաքի համար, որևէ պատճառով չեն թույլատրվել կամ սահմանափակվել են», - ասել է Կարապետյանը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Հայկական հասարակությունը տարբեր կերպով է գնահատում Կարապետյանի գործունեությունը քաղաքապետի պաշտոնում: Նրա էջում, որը մեծ հանրաճանաչություն է վայելում և ավելի քան 20 հազար ընթերցող ունի, բազմաթիվ գրառումներ կան, որոնցում մարդիկ ափսոսանք են հայտնում նրա՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալու կապակցությամբ:

Քաղաքապետ Արման Մելիքյանի կարծիքով՝ Երևանն ի դեմս Կարեն Կարապետյանի կզրկվի լավ կազմակերպչից և մենեջերից:
«Ինձ շատ կտխրեցնի քաղաքապետի հրաժարականը, քանի որ նա պրոֆեսիոնալ է, լավ տիրապետում է ղեկավարի և կազմակերպչի հմտություններին: Բացի այդ, Կարապետյանը դրսևորել է իրեն որպես կիրթ և հայրենասեր հասարակական գործչի», - ասել է քաղաքագետը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը կապված է նրա վարած քաղաքականության հետ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Քաղաքապետի հրաժարականը ներքաղաքական գործընթացների արդյունք է: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել Կարապետյանի վարած քաղաքականության հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով, սա արտասովոր երևույթ չէ, քանի որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է:

«Այնուամենայնիվ, ես պարոն Կարապետյանին կայացած պրոֆեսիոնալ եմ համարում և կասկած չունեմ, որ նա հաջողությունների կհասնի իր բնագավառում»,- նշեց պատգամավորը:

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Առավել հավանական թեկնածու է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:

Նրա հնարավոր նշանակման մասին խոսակցությունները շրջանառվում էին նաև Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո, սակայն այժմ նրանք ավելի մեծ թափ ստացան: Միաժամանակ ԶԼՄ-ները գրում են քաղաքապետի պաշտոնում Բեգլարյանի հնարավոր վերադարձի մասին, ով ռևանշ է տենչում:

Ինչևէ, քաղաքական ինտրիգը դեռ առջևում է:

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն առաջիկա ամսվա ընթացքում:
Գործող օրենսդրության համաձայն, Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան քաղաքապետի՝ պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց:

«Քաղաքապետի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են Ավագանու խորհրդի կողմից: Այդ պատճառով հնարավոր թեկնածուների հարցը դեռ չի քննարկվել և չէր կարող քննարկվել»,- նշեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:--0-