Ի՞նչ է Smart Nation–ը և կարող՞ է այն, արդյոք, դառնալ Նոր Հայաստանի ազգային գաղափարը

28.11.2018, 21:39
Ինչպե՞ս կապել Հայաստանի բրենդը պայծառ ապագայի, և ոչ թե ողբերգական անցյալի հետ, ինչպե՞ս միավորել հնագույն երկրի կերպարը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, այս հարցերի շուրջ իր կարծիքն է ներկայացնում Strategy Foundation–ի նախագահ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դասախոս Մեցո Իգիթյանը։
Ի՞նչ է Smart Nation–ը և կարող՞ է այն, արդյոք, դառնալ Նոր Հայաստանի ազգային գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ի՞նչ են նախևառաջ պատկերացնում մարդիկ, երբ լսում են «Հայաստան» բառը։ Բիբլիական Արարատ, դուդուկ, լավաշ, հայկական կոնյակ։

Անուն–ապրանքանիշեր` Շառլ Ազնավուր, Քիմ Քարդաշյան, Շեր, Ալեքսիս Օհանյան։ Բայց «Հայաստան» ասելիս գլխավոր մտապատկերը, ցավոք, կապված է մեր ժողովրդի ողբերգական էջի` Հայոց ցեղասպանության հետ։  

Նրանից, թե ինչ կարծիքի ենք ինքներս մեր մասին, կախված է, թե ինչ են մեր մասին մտածում ուրիշները։ Չէ՞ որ, եթե Շվեյցարիայի բրենդը բանկերն են, ժամացույցներն ու հուսալիությունը, ապա ամբողջ աշխարհի հարուստ մարդիկ այնտեղ են ուղղում իրենց կապիտալը։ Եթե Թաիլանդի բրենդը զբոսաշրջությունն է, ապա այնտեղ են մեկնում հանգստանալու միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհից։ Իսրայելի բրենդը որակյալ բժշկությունն է, և շատերը գնում են իսրայելական կլինիկաներ` լավագույն օգնությունը ստանալու։

Ինչու՞ է այդպես։ Որովհետև երկրների հաջողված ապրանքանիշերը պատահաբար չեն հայտնվել։ Դրանց ձևավորումը պետության ծավալուն նպատակաուղղված աշխատանքի արդյունք է։ Երկրի բրենդի հիմքում պետք է ընկած լինի ազգային գաղափարը, որը մարդիկ զգում են, հասկանում և ընդունում են, նախևառաջ, հուզական մակարդակում։ Հակառակ դեպքում ազգային բրենդը հինգ րոպեի կյանք էլ չի ունենա։ Այդ իսկ պատճառով ազգային գաղափարի ընտրության և մշակման հարցը հաջողակ պետությունների մշտական ուշադրության կենտրոնում է։

Ինչպե՞ս կապել Հայաստանի բրենդը պայծառ ապագայի, և ոչ թե ողբերգական անցյալի հետ։ Ինչպե՞ս միավորել հնագույն երկրի կերպարը ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Իմ կարծիքով, դրա համար ողջ աշխարհին պետք է ցույց տալ, որ նոր Հայաստանը մի երկիր է, որտեղ ստեղծվում են բոլորին ծառայող տեխնոլոգիաներ և նորարարություններ։ Այսինքն, դրանք «խելացի տեխնոլոգիաների» առանձին կղզյակներ չեն, այլ մի ամբողջ «Smart Nation»` Խելացի երկիր։

Загружается новость ... "Лево"

Աշխարհի գիտակցության մեջ Հայաստանն ի վիճակի է նույն շարքում կանգնել այնպիսի նորարարական երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Թայվանը, Սինգապուրը, Ճապոնիան, Իսրայելը։

Արդեն այսօր Հայաստանում գործում են նրա սահմաններից դուրս էլ ճանաչում ունեցող ՏՏ ընկերություններ։ Այժմ պետք է, որ դրանց թիվն աճի, դրանք ավելի խոշորանան, և դրանց հեղինակությունը սկսի աշխատել հօգուտ երկրի։ Կարևոր է ներկայացված լինել այնպիսի փորձագիտական ցանցերում, ինչպիսիք են  Reddit–ն ու TechCrunch–ը։

Կարևոր են Հայաստանի հավաքականի հաջող ելույթները WorldSkills առաջնությունում, անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել միջազգային խոշոր ֆորումներ, ինչպես, օրինակ`  Real Estate Blockchain–ը, Global Smart City Forum–ը։

Այդ իսկ պատճառով, եթե մենք նպատակաուղղված ձևավորենք նոր, նորարար Հայաստանի կերպար, դա կօգնի տնտեսության աճին և ընդհանուր առմամբ օգուտ կբերի երկրին։

Smart Nation ազգային գաղափարը չպետք է միայն կարգախոս և կառավարության կայքում երևացող գրություն մնա։ Այն պետք է լցվի պետության` երկրի սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրերի հետ փոխկապակցված կոնկրետ բովանդակությամբ։ Հետևաբար, կառավարությանը պետք է առաջարկել ոչ թե գեղեցիկ սլայդերի հավաքածու, այլ դրա իրագործման step by step ուղի։

15-20 տարվա հեռանկարով Smart Nation նորարական զարգացման ծրագիրը պետք է ստեղծի սոցիալ–տնտեսական ճեղքման,  կամ, ինչպես հիմա ասում են, երկրի և նրա ընկերությունների ֆորսաժի էկոհամակարգ, ուղղորդի կառավարության, բիզնեսի, հասարակության գործունեության վեկտորը, սահմանի գերակայությունները և ցուցադրի դրանք միջազգային ողջ հանրությանը։

Էկոհամակարգը պետք է բաղկացած լինի թափանցիկ և արդյունավետ ենթակառուցվածքային ինստիտուտներից։ Դրանք են մասնավորապես Smart Nation ծրագիրը, Ուղիղ ներդրումների հիմնադրամը, նորարարական կլաստերները, բիզնես ինկուբատորները, տեխնոլոգիական համալսարանը, միջազգային համաժողովները, վենչուրային նախագծերի բանկերը և այլն։

Հանրապետությունում արդեն գործում են տեխնոպարկեր Գյումրիում և Վանաձորում, կառուցվում է ինժեներական ավան Երևանում։ Կան նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից մեկը մասնագիտանում է արդյունաբերությունում և բարձր տեխնոլոգիաներում։

Սակայն նրանց արդյունավետությունն ավելի բարձր կլինի, եթե հայտնվեն ծրագիր և դրանց կատարողները, որոնք օպերատիվորեն կլուծեն ծագած հարցերը, այդ թվում` ամենօրյա, պրակտիկ հարցերը։

Ծրագիրը պետք է համալրվի առանձին հեռանկարային ուղղություններ ունեցող կոնկրետ ռազմավարություններով։ Հարկավոր է Smart City կառավարական ռազմավարություն երկարաժամկետ հեռանկարում, որից կարելի է ներգրավել «երկար» ներդրումներ ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մյուս երկրների համար։ Իսկ դրա կատարմանը պետք է հետևի հատուկ մարմին, որը պետք է բառացիորեն ամեն օր ու ժամ հետևի, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիական կլաստերներն ու առանձին ձեռնարկությունները, արդյոք նրանք չունե՞ն խնդիրներ հարկայինում, մաքսայինում, ստաժյորների ինչ խմբեր ունեն համալսարաններում և այլն։

Загружается новость ... "Право"

Եվ այդ դեպքում բիզնեսը կցանկանա փող ներդնել այստեղ։ Քանի որ կտեսնի, թե ինչի է կառավարությունը նախատեսում հասնել ոչ միայն մեկ տարի անց, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում, ինչպիսի օրենքներ են ընդունվում կամ կընդունվեն միջնաժամկետ հեռանկարում այդ նպատակով , ինչով է պետությունը պատրաստ օգնել բիզնեսին՝ հարկային խթանում, ադմինիստրատիվ խորհրդատվություն, կադրերի պատրաստման ծրագրեր, հարևան երկրների հետ համագործակցության ծրագրեր։

Խորհրդակցությունը կարող է ներառել նաև ֆինանսական բաղադրիչ, օրինակ, IPO-ին պատրաստում։ Բիզնեսը պատրաստ կլինի փող ներդնել, եթե տեսնի, որ պետությունը գրագետ և հետևողականորեն ուղեկցում է տեխնոլոգիական նախագծերի իրականացումը։

Բացի այդ, անհրաժեշտ է մտածել ուղիղ ներդրումների պետական-մասնավոր Smart Nation հիմնադրամի մասին՝ բեկումնային նախագծերի և ծրագրերի համաֆինանսավորման համար։

Ավելի խելամիտ կլինի, որ ուղիղ ներդրումների հիմնադրամում պետությունը մասնակցի 25%-ից ոչ ավել մասնաբաժնով, իսկ մնացածը բիզնեսի փողն է, որը պետության մեջ կտեսնի իր գործընկերոջը։

Եվ վերջում, թերևս, ամենակարևորի մասին` ո՞վ և ինչպե՞ս է հետևելու այս ամենին։ Ինչպես արդեն նշվեց, դրա համար հարկավոր է ամեն օր հետևել առանցքային ցուցանիշների կատարմանը, ժամանակին շտկել գործողությունները։ Ինչպես ցույց է տվել բազմաթիվ  երկրների փորձը, նման աշխատանքն անհնար է սովորական փորձագիտական խմբերի կամ միջգերատեսչական նիստերի ձևաչափում։ Հենց այս խնդիրն է ժամանակին դրդել Թոնի Բլեերին վարչապետի գրասենյակի շրջանակում ստեղծել բացառիկ մարմին` Delivery Unit, որը հենց կատարում էր սոցիալ–տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունների մոնիտորինգի ու վերահսկման գործառույթները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ես որպես հիմք կվերցնեի այսօրվա Սինգապուրի պրակտիկ փորձը, որտեղ գործող վարչապետ Լի Սյանլունը ստեղծել է Խելացի երկրի և թվային կառավարության գրասենյակ (The Smart Nation and Digital Government Office (SNDGO)։

Մարմինը ձևավորվել էր վարչապետի գրասենյակի կազմում` վարչապետի առջև բացառիկ պատասխանատվությամբ։ Նրա հիմնական առաքելությունն էր նախարարությունների և գերատեսչությունների գործունեության համակարգումը` կապված Smart Nation ծրագրի իրականացման հետ, ինչպես նաև այդ ծրագրի ընթացիկ գործընթացի վերահսկման և մոնիտորինգի հետ` անհրաժեշտ շտկումների իրականացման և ներդրման գծով ժամանակակից մատնանշմամբ։

Հայաստանի համար կիրառելի է նաև Մալայզիայի փորձը, որտեղ վարչապետ Մոհդ Նաջիբ բին Թուն Խաջի Աբդուլ Ռազակը ստեղծել է PEMANDU (Performance Management and Delivery Unit)` Մալայզիայի արդյունավետության կառավարման և արդյունքի ապահովման գործակալություն։

PEMANDU–ի նպատակն է մշակել և վերահսկել երկու փոխկապակցված
ծրագրերի իրականացումը` կառավարության վերափոխման ծրագիրը (Government Transformation Programme - GTP) և տնտեսության վերափոխման ծրագիրը (Economic Transformation Programme - ETP)։

Delivery Unit–ի գործունեության արդյունքում 2009–2014 թթ.–ին համախառն ազգային եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով ավելացավ 44%–ով, 2010–2017 թթ.–ին ներդրումների համախառն տարեկան աճը գտնվում էր 10,5%–ի սահմանում, իսկ բյուջեի պակասուրդը նույն ժամանակահատվածում կրճատվեց` 6,7%–ից դառնալով 3%։

Իհարկե, խոսկցության առանձին թեմա է այն, թե ինչպիսին պետք է լինի Delivery Unit–ը Հայաստանի համար և ինչպես գաղափարից անցում կատարել իրագործման։

Մեցո Իգիթյան` Strategy Foundation–ի նախագահ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դասախոս

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ