Բիշքեկյան արձանագրություն. 22 տարի անց

05.05.2016, 15:48
22 տարի առաջ այս օրը Ղրղըզստանի մայրաքաղաքում ստորագրվել է պայմանագիր, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հակամարտություն գոտում հրադադարի ռեժիմին և հարաբերական խաղաղությանը, որը խախտվեց ադրբեջանական ագրեսիայի կողմից 2016 թ.-ի ապրիլի 2-ին:
Բիշքեկյան արձանագրություն. 22 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 22 տարի առաջ այս օրը Ղրղըզստանի մայրաքաղաքում ստորագրվել է պայմանագիր, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հակամարտություն գոտում հրադադարի ռեժիմին և հարաբերական խաղաղությանը, որը խախտվեց ադրբեջանական ագրեսիայի կողմից 2016 թ.-ի ապրիլի 2-ին:

Ադրբեջանական հարձակման ձախողումը

Բիշքեկյան արձանագրության ստորագրմանը նախորդեցին 1994 թ.–ի սկզբին ադրբեջանական ուժերի ձեռնարկած և ձախողած հարձակումը ու ղարաբաղյան բանակի հակահարձակողական գործողությունները:

Ծանր մարտեր էին ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով` Օմարի լեռնանցքից  մինչև Արաքս: Հետ մղելով հակառակորդի հարձակումները և  անցնելով հակահարձակման` ԼՂՀ Պաշտպաբնության բանակը 1994 թ.-ի փետրվարին ոչնչացրեց հակառակորդի բազաները Օմարի լեռնանցքի գոտում: Փոտրվարի 18-ին հյուսիսային հատվածը, այդ թվում Օմարի լեռնացքը, ողջ Քարվաճառի շրջանի հետ միասին լիովին անցան ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ:

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի ճանաչման օրինագծի եզրակացությունը>>

Նույն թվականի փետրվար-մարտին ձախողվեց հակառակորդի հարձակումը ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում` Հորադիզի շրջանում: Ադրբեջանական զորքերը տանկերի, հրետանու և ավիացիայի աջակցությամբ փորձում էին ճակատային հարվածով ճեղքել ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը և առաջ շարժվել դեպի Ֆիզուլի, սակայն դա նրանց չի հաջողվում:

1994 թ.-ի ապրիլի 10-ին ղարաբաղյան բանակը հաջող հակահարձակողական գործողություն է կատարում ռազմաճակատի հյուսիս–արևելյան հատվածում, իսկ ապրիլի կեսերին ազատագրում Թալիշ, Չայլու, Մատաղիս և Լևոնարխ հայկական գյուղերը` հարավ-արևելքում վերահսկողության տակ առնելով Աղդամ-Բարդա մայրուղին:

Խաղաղության գործընթաց

Ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվում է արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

Մայիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջև ստորագրվում է հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնում 1994 թ.-ի մայիսի 12-ին, 00 ժամ 01 րոպեից: Արդեն մայիսի 12-ին Մոսկվայում հանդիպում է կազմակերպվում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատում են, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Բացի այդ, պատրաստվում է «1994 թ.-ի փետրվարի 18-ի Արձանագրության իրականացման կարգի մասին պայմանավորվածություն» անվանումով փաստաթուղթը, որը նախատեսում է ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի հեռացում, բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայում:

Օհանյան. իրավիճակն առաջնագծում մնում է լարված>>

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը և Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ հետ են կանչում Բաքու: Չնայած դրան, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում երկար ժամանակով հրադադար է հաստատվում:

1994 թ.-ի հուլիսի 27-ին երեք կողմերը ստորագրում են ևս մեկ փաստաթուղթ, որը նախատեսում է հրադադարի պահպանում մինչև մեծ պայմանագրի կնքումը, իսկ 1995 թ.-ի փետրարի 4-ին ստորագրվում է համաձայնագիր հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին:

Մեր օրեր

Բոլոր փաստաթղթերը, որոնք մինչև հակամարտության վերջնական կարգավորումը նախատեսում են հրադադար շփման գծում, անժամկետ են և պարտադիր բոլոր կողմերի համար:

Այդ մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով:

Մասնավորապես, 2016 թ.-ի ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բացարձակ առաջնահերթությունը 1994-1995 թթ.-ի հրադադարի համաձայնագրերի անշեղ կատարումն է, որոնք անժամկետ են և, որպես այդպիսին, պետք է հարգվեն բոլորի կողմից:

Երևանում կարծում են, որ ադրբեջանական կողմը ձգտում է ձերբազատվել փաստաթղթերից, որոնց վրա առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական անձանց ստորագրությունները, սակայն նմանատիպ քայլերն անհեթեթ են և ապարդյուն։

«Գոյություն ունի երեք միջազգային փաստաթուղթ, որոնք, որպես սուբյեկտ, ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչել է ԼՂՀ-ն` ամենաքիչը որպես հակամարտության կողմ: Այժմ Բաքվի համար այդ փաստաթղթերի գույությունը խնդիր է, և դրանցից հրաժարվելը` կենաց ու մահու հարց: Սակայն նմանատիպ բոլոր փորձերը անհեթեթ են», - կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ Բաքուն նույնիսկ փորձում է փոխարինել 1994-1995 թթ.-ի երեք համաձայնագրերը հակամարտության ընթացիկ տարվա ապրիլի սրումից հետո հրադադարի շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններով, որոնք կոչված են վերահաստատել խախտված ռեժիմը, որը հաստատվել է հենց այդ փաստաթղթերի շնորհիվ:

Նա ընդգծել է, որ, Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ այդ համաձայնագրերի շրջանակում, և եթե նա այսօր դրանցից հրաժարվում է, ապա նույնը կարող է անել նաև հետագայում:

Հետևաբար, պաշտոնական Երևանի կարծիքով, գլխավոր հարցը այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի ամրագրումն է, ինչը թույլ կտա առաջ մղել բանակցային գործընթացը: -0-