Պարալիմպիկ սպորտի զարգացման հայեցակարգ է մշակվում Հայաստանում

23.11.2011, 16:52
Պարալիմպիկ սպորտի զարգացման հայեցակարգ է մշակվում Հայաստանում
Պարալիմպիկ սպորտի զարգացման հայեցակարգ է մշակվում Հայաստանում

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն պարալիմպիկ սպորտի զարգացման հայեցակարգ է մշակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կոմիտեի ղեկավար Հակոբ Աբրահամյանը: Ըստ նրա, տվյալ հայեցակարգն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

«Հասարակությունում կարծիք է ձևավորվել, որ հաշմանդամները մշտական հոգատարության կարիք ունեցող մարդիկ են: Սակայն նրանց մեծամասնությունը կարող է իր ավանդը ներդնել սպորտի զարգացման մեջ և արժանապատվորեն են այդ խնդիրը լուծում»,- ընդգծեց Աբրահամյանը:

Ըստ նրա, հայ պարալիմպիկ խաղերին մասնակցող մարզիկներն արժանապատվորեն են ներկայացնում իրենց երկիրը տարբեր մարզաձևերում, մասնավորապես, լողում, սեղանի թենիսում, շախմատում, ծանրամարտում: «2011 թվականի թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՄԱԷ-ում մեր երկիրը Հայաստանի վարչապետի օժանդակությամբ ներկայացրեց Գրետա Վարդանյանը: Նա արծաթե մեդալ նվաճեց՝ իրավունք ստանալով մասնակցել Լոնդոնի պարալիմպիկ խաղերին»,- ասաց Աբրահամյանը:

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի հաշմանդամների մարզական շարժումը ոչ միայն հասարակության, այլ նաև իշխանությունների լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի: «Տարեցտարի մեր շարքերը համալրվում են, բայց պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը չի ավելանում, և մենք դժվարությամբ ենք լուծում առօրյա խնդիրները»,- ասաց նա: Աբրահամյանը նշեց, որ կոմիտեն փորձում է հասնել սովորական մարզիկներին զուգընթաց պարալիմպիացիների հավասար դրամական պարգևատրման մասին օրենքի դրույթների կատարմանը: 

Բացի այդ, կոմիտեի ղեկավարի խոսքով, Հայաստանի պարալիմպիկ մարզաձևի զարգացման կարևոր պայման է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար գործող մարզադաշտերի և մարզական հաստատությունների բարեկարգումը:
Աբրահամյանը կարևորեց հաշմանդամներին վերաբերող խնդիրների լուսաբանումը: «Դրանով մենք նրանց մոտ լուսավոր ապագայի հույս ենք արթնացնում՝ թույլ տալով նրանց հասարակության լիարժեք անդամներ զգալ»,- ասաց նա:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն գործում է 1996 թվականից: Պետությունը տարեկան մոտ 9 միլիոն դրամ (մոտ 24 հազար դոլար) է հատկացնում հաշմանդամների սպորտի ոլորտին, որից 3 միլիոնը ստանում է Պարալիմպիկ կոմիտեն: -0-