Հայաստանի մանկատների ավելի քան 200 սաներ բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում

12.12.2011, 17:20
Հայաստանի մանկատների ավելի քան 200 սաներ բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում
Հայաստանի մանկատների ավելի քան 200 սաներ բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում

Այսօրվա դրությամբ Հայատանի մանկատների ավելի քան 200 սաներ բնակություն ստանալու հերթի են կանգնած, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«2007թ.-ից ՀՀ բյուջեից մանկատների սաներին բնակարան տրամադրելու համար ավելի քան 1,5 մլրդ դրամ է (շուրջ 4 մլն դոլար) հատկացվել, որից մինչ այսօր ծախսվել է ընդամենը 20 տոկոսը»,- հայտնեց Բախշյանը:
Ըստ նրա, այդ միջոցներով ձեռք են բերվել բնակարաններ, իսկ բյուջեից հատկացված մնացած գումարն անհայտ ձևով է օգտագործվել:

«Մենք միշտ հնչեցնում ենք մանկատների բեռնաթափման խնդիրը, բայց հաշվի չենք առնում այն փաստը, որ այդ հաստատությունների երեխաները չափահաս դառնալուց հետո տեղ չունեն գնալու, և որպեսզի լուծվի առկա խնդիրը, կառավարությունը պետք է առաջին հերթին լուծի բնակարանային հարցը»,- ասաց Բախշյանը:

Ըստ նրա, բյուջեից ստացած միջոցները պետք է ծախսվեն ոչ թե նոր որբանոցներ ստեղծելու վրա, այլ խնամակալ ընտանիքներին միջոցներով ապահովելու համար, որպեսզի նրանք հոգ տանեն մանկատան երեխաներին:
«2008թ.-ից մինչ օրս Հայաստանում 22 խնամակալ ընտանիք կա, այդ թիվը տարեցտարի պետք է աճի, իսկ մեզ մոտ նման միտում չի նկատվում, ընդ որում մեր իշխանությունները, մասնավորապես՝ հանրապետության վարչապետը, բազմիցս հայտնել է, որ երեխաները պետք է ընտանիքում ապրեն»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա, խնդիրն այն է, որ խնամակալ ընտանիքների ֆինանսավորումը բավական չէ, որպեսզի մարդիկ վստահությամբ կարողանան իրենց վրա վերցնել մանկատան երեխայի խնամակալությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանն իր կողմից նշեց, որ այդ հարցն արդիական է իշխանությունների համար և գտնվում է քննարկումների օրակարգում:

«Եթե մի քանի տարի առաջ մենք խոսում էինք  մանկատներում բնակվող երեխաների պայմանների բարելավման մասին, ապա արդեն այս տարի մեզ համար առաջնային և կարևոր է դարձել խնամակալ ընտանիքների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով մանկատների բեռնաթափման հարցը»,- ավելացրեց Աճեմյանը:
Ըստ նրա, յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր երեխայի դեպքում անհատական մոտեցում է պետք:

«Բավական չէ պարզապես ավելացնել խնամակալ ընտանիքների ֆինանսավորումը և դրանով ապահովել մանկատների բեռնաթափումը, մենք պետք է հետևենք, թե ինչ ընտանիքներ են ուղարկում երեխաներին, և արդյո՞ք այդ միջոցները երեխաների կարիքները հոգալու համար են ծախսվում»,- ավելացրեց Աճեմյանը:

Պատգամավորի կարծիքով, մանկատների բեռնաթափման խնդրի լուծման համար լուրջ պատնեշ է հանդիսանում հայ հասարակության հոգեկերտվածքն ու նրանում ձևավորված կարծրատիպերը:

Հայաստանում գործում է 7 պետական և 3 բարեգործական մանկատուն, այդ թվում՝ երկու պետական և մեկ բարեգործական մանկատուն մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների համար: Ըստ 2010թ.-ի տվյալների, Հայաստանի մանկատներում ապրում է 835 երեխա, ներառյալ մասնագիտացված մանկատների 400 երեխաները: -0-