Ղազախստանը պարզաբանումներ է ակնկալում ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության հարցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ

24.12.2013, 15:51
Ղազախստանը պարզաբանումներ է ակնկալում ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության հարցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ
Ղազախստանը պարզաբանումներ է ակնկալում ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության հարցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ

Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Հայաստանի «ճանապարհային քարտեզը» ընդհանուր առմամբ համաձայնեցված է, կարծում եմ` հնարավոր է այն ընդունել։ Միաժամանակ Մաքսային միության սահմանի վերաբերյալ հարցը, որտեղով է այն անցնելու Հայաստանում` ղարաբաղյան հակամարտության հետ կապված, բաց է մնում։ Այդ պատճառով մենք գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզները», սակայն հատուկ պայմանով, որը կներկայացվի»,– ասել է Նազարբաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն տվյալ հարցի լուծումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-