Մաքսային միությանն անդամագրվելու հարցում Բելառուսն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Հայաստանին

19.12.2013, 10:28
Մաքսային միությանն անդամագրվելու հարցում Բելառուսն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Հայաստանին
Մաքսային միությանն անդամագրվելու հարցում Բելառուսն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մաքսային միությանն անդամագրվելու հարցում Բելառուսն աջակցել, աջակցում և շարունակելու է աջակցել Հայաստանին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն։

Դեսպանի խոսքով` վերջին ժամանակում բարձրացած աղմուկը, թե Բելառուսն իբր չի աջակցում Հայաստանին և դեմ է, որ ՀՀ–ն անդամակցի Մաքսային Միությանը, իր մոտ տպավորություն է ստեղծել, թե ինչ–որ մեկը շատ է ցանկանում, որ Մինսկը չաջակցի Երևանին այս հարցում։

«Մեկին պետք է, մյուսին` ձեռնտու. այս դեպքում պետք է գուշակել»,– ասաց դիվանագետը։

Սուխորենկոն ընդգծեց, որ Հայաստանն ու Բելառուսը այսօր համագործակցության այն մակարդակում են, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները միջազգային հարթակներում փաստացիորեն համընկնում են, իսկ եթե չեն համընկնում, ապա շատ մոտ են իրար։

«Առավել ևս, որ Մաքսային միության գլխավոր բանաձևն այն է, որ սա բաց կազմակերպություն է, իսկ այն մշտապես նոր մասնակիցների է հրավիրում` հաշվի չառնելով գործընկեր է, թե ոչ։ Իսկ Հայաստանը մեր եղբայրական երկիրն է, իսկ մեր եղբայրներից մենք չենք բաժանվի»,– ասաց Սուխորենկոն։

Նա նշեց, որ տարբեր վարկածներ են հասել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, և նա այս հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումը կհայտնի առաջիկա ելույթներից մեկի ժամանակ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ --0--