Գերմանիան կարող է հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունման նախաձեռնությամբ

20.01.2012, 17:10
Գերմանիան կարող է հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունման նախաձեռնությամբ
Գերմանիան կարող է հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունման նախաձեռնությամբ

Գերմանիան Ֆրանսիայի օրինակով  կարող է հանդես գալ հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի ընդունման նախաձեռնությամբ, հայտարարել է բունդեսթագի մարդու իրավունքների աշխատանքային խմբի ղեկավար, ՔԴՄ (Քրիստոնեադեմոկրատական միություն) պատգամավոր Էրիկա Շթայնբախը, հաղորդում է cnnturc.com-ը:

Ըստ նրա, կոալիցիոն ուժերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության փաստն ակնհայտ է, և Թուրքիան չպետք է այն հերքի:

Շթայնբախը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցը միշտ կառավարության օրակարգի քննարկվող հարցերի թվում է:

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունել էր մի օրինագիծ, որը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք ցեղասպանության ժխտման համար:
Ֆրանսիայի Սենատն այս օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կգտնվեն հայոց ցեղասպանության հարցում, և դա կկատարվի իր պաշտոնավարման տարիներին: -0-