ԲՀԿ-ին չի մտահոգում հրաժարականների գործընթացը

10.11.2011, 15:04
ԲՀԿ-ին չի մտահոգում հրաժարականների գործընթացը

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությանը չեն անհանգստացնում վերջերս երկրում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Բացի այդ, նոյեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Օրերս իր հրաժարականի մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:

Ավելի ուշ հրաժարական տվեց նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով օգնելու է Աբրահամյանին նախընտրական ժամանակահատվածում:
«Ես չեմ ցանկանում որևէ մեկի փաստաբանը լինել, սակայն ինքներդ եք տեսնում, թե ինչ առաջընթաց է նկատվում առողջապահության, սոցիալական ապահովման և աշխատանքի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության համակարգերում: Չեմ կարծում, թե հրաժարականների կապակցությամբ անհանգստանալու կարիք կա»,- ասաց Բոստանջյանը:

«Բարգավաճ Հայաստանը» երկրի կառավարությունում ներկայացված է չորս նախարարով՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: ԲՀԿ խորհրդարանական կուսակցության կազմում ընդգրկված է 26 պատգամավոր 131-տեղանոց Ազգային Ժողովում: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը: 
Մեկնաբանելով Հայաստանում կադրային փոփոխությունների և հրաժարականների գործընթացը՝ Բոստանջյանը ենթադրեց, որ իրենք հակված են այդ անձանց ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը նոր պաշտոններում և Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքերի ամրապնդմանը: 

Նա միաժամանակ նշեց, որ իրենց դիրքերն ամրապնդում են քաղաքական այն ուժերը, որոնք գիտակցում են դրա անհրաժեշտությունը: «ԲՀԿ-ն այդպիսի անհրաժեշտություն առայժմ չունի»,- ավելացրեց պատգամավորը: -0-