Իրանի դեմ Արևմուտքի պատերազմի դեպքում Հայաստանը չի աջակցի որևէ հակաիրանական ակցիայի. փորձագետ

02.02.2012, 18:41
Իրանի դեմ Արևմուտքի պատերազմի դեպքում Հայաստանը չի աջակցի որևէ հակաիրանական ակցիայի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի դեմ Արևմուտքի պատերազմի դեպքում Հայաստանը չի աջակցի որևէ հակաիրանական ակցիայի, հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:

«Հայաստանը չի կարող և չի աջակցի նմանատիպ որևէ ակցիայի», - ասել է Սարուխանյանը «Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին նշել է, որ պատերազմի դեպքում Հայաստանն Իրանի նկատմամբ բարեկամական չեզոքություն կպահպանի:

«Մենք պետք է հաշվի առնենք նաև Ռուսաստանի գործոնը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում: Այդ պատճառով առավել հավանական է թվում բարեկամական կամ ակտիվ չեզոքության քաղաքականության վարումը», - նշել է փորձագետը:

Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովի խոսքերով՝ Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանի կողմից ակտիվ չեզոքության քաղաքականությունը ճիշտ չի լինի:

«Ակտիվ չեզոքության դիրքորոշումը Հայաստանի համար ոչ համարժեք դիրքորոշում կլինի այն մարտահրավերների նկատմամբ, որոնք կուտակվում են Պարսից ծոցի գոտում: Նույն կերպ Ռուսաստանի դիրքորոշումն այս իրավիճակում համարժեք չէ», - տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Սաֆարովը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը տարբեր քաղաքական համաշխարհային կառույցների ակտիվացման մի շարք լծակներ ունի:

«Հայաստանը կարող է համապատասխան ճնշում գործադրել որոշ եվրոպական պետությունների վրա: Այդ պատճառով այս դեպքում Հայաստանի կողմից Իրանին պաշտպանելը կընկալվի որպես սեփական շահերի պաշտպանություն», - եզրափակել է նա:-0-