Լիտվան աջակցում է ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո. ԱԳՆ

27.01.2012, 12:25
Լիտվան աջակցում է ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լիտվան վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը, Վիլնյուսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Աուդոնիուս Աժուբալիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլիս ծառայությունը:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների և  տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրեցին երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը:

Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:

Այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպեց նաև Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների համագործակցության հարցեր, տեղի ունեցավ Հայաստանի և Լիտվայի կառավարությունների միջև մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-