Հայկական բանակի դերն ու նշանակությունը պետք է գնահատվեն գիտականորեն, այլ ոչ թե զգացմունքայնորեն. Օհանյան

25.01.2012, 13:32
Հայկական բանակի դերն ու նշանակությունը պետք է գնահատվեն գիտականորեն, այլ ոչ թե զգացմունքայնորեն. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հասարակությունում և բազմադարյա պատմության մեջ բանակի դերն ու նշանակությունը պետք է գնահատվեն գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությամբ, այլ ոչ թե զգացմունքային հարթակում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Հայաստանի ազգային բանակի ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի բացման ժամանակ:

Գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանում:

«Բանակը հստակ կարգավորված գործառույթներ իրականացնող կառույց է, և թվում է, որ երկու տասնամյակի ընթացքում պետք է ստեղծվեին այն գիտականորեն հիմնված սկզբունքները, որոնց վրա պետք է հենվեն հայկական բանկի դերի և նշանակության մասին անաչառ և ճիշտ պատկերացումները: Սակայն մինչև հիմա այս հարցերի պատասխանները տրվում էին զգացմունքային հարթակներում, ինչի պատճառը բանակի դերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության բացակայությունն է», - ասել է Օհանյանը:

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանում, ցավոք, հաշվի չի առնվում այն փաստը, որ բանակը ոչ միայն մեծ և հզոր, այլև նուրբ և զգայուն մարմին է:

«Չի կարելի դատել բանակի մասին՝ ելնելով հասարակական տրամադրություններից, որոնք պայմանավորված են ներքաղաքական գործընթացների հետ կապված նեղ շահերով, ներկուսակցական բախումներով և այլ հանգամանքներով: Այս տրամադրությունները միշտ փոխվում են, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել իր գործառույթները», - ավելացրել է նա:

Նախարարը նաև ընդգծել է, որ զինված ուժերը «կրակային խոցելիության և պաշտպանության պարզ համադրություն չեն»:

«Բանակը կապված է գիտատար հասկացությունների հետ, քանի որ մեծ դեր է խաղում գիտության առաջընթացում: Համոզված եմ, որ այս գիտաժողովը լուրջ քայլերից մեկը կդառնա բանակի դերի և նշանակության մասին ավելի լայն հայացքների ձևավորման հարցում: Տարիներն անցնում են, իսկ բանակաշինության գործընթացը շարունակվում է: Սակայն ինչպիսին կլինի այդ գործընթացը հաջորդ 5-10 տարվա ընթացքում պայմանավորված է նրանով, թե որքան իրատեսական մենք կգնահատենք մեր այսօրվա ձեռքբերումները», - նշել է նա:

Ազգային բանակի ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայկական բանակի մասին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:

Գիտաժողովի շրջանակներում կանցկացվի ռազմահայրենասիրական թեմային նվիրված ԵՊՀ-ի հրատարակությունների ցուցահանդես և լուսանկարչական ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչության հոբելյանական մեդալներով պարգևատրվեցին ԵՊՀ-ի մի շարք գիտնականներ և պրոֆեսորներ, այդ թվում նաև բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հայաստանը հունվարի 28-ին նշում է Ազգային բանակի ձևավորման օրը:-0-