Ավելի քան 90 հայկական ֆիլմեր առաջադրվել են Ազգային կինոմրցանակի

20.01.2012, 14:42
Ավելի քան 90 հայկական ֆիլմեր առաջադրվել են Ազգային կինոմրցանակի

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անկախության 20 տարվա ընթացքում նկարահանված ավելի քան 90 ֆիլմ առաջադրվել է Հայաստանի ազգային կինոմրցանակին, տեղեկացրել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Քանի որ այս տարի տեղի կունենա առաջին մրցանակաբաշխությունը, ապա մենք ներառել ենք միայն անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանում նկարահանված ֆիլմերը: Ֆիլմերի ծավալը բավականին մեծ է, այդ պատճառով այս տարի մենք չկարողացանք ներառել սփյուռքի ֆիլմերը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգյանը:

Նա նաև ընդգծեց, որ հետագայում թեկնածուների ցուցակում կներառվեն ոչ միայն սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը, այլև օտարերկրյա ֆիլմեր: Այս կապակցությամբ նա չբացառեց «լավագույն օտարերկրյա ֆիլմ» նոր անվանակարգի հիմնումը՝ ամերիկյան «Օսկարի» նմանությամբ:

Նա ավելացրեց, որ կինոմրցանակի ժյուրիի կազմում ներառված է 11 հայտնի հայ կինոգործիչ՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սոս Սարգսյանի գլխավորությամբ:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իր հերթին նշեց, որ չնայած նրանք Հայաստանում կինեմատոգրաֆին աջակցություն ցուցաբերելու առաջին քայլերն են կատարում, աշխարհում Orange-ը հայտնի է որպես Կաննի կինոփառատոնի և BAFTA բրիտանական կինոմրցանակի գործընկեր:

Նշելով կինոմրցանակի հիմնական նպատակները, ինչպես նաև ժամանակակից հայկական կինոյի խնդիրները՝ ժյուրիի անդամ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը ընդգծեց, որ այժմ հայկական հասարակությունը ծանոթ չէ ժամանակակից ազգային կինեմատոգրաֆի հետ:

Այս կապակցությամբ կինոմրցանակի ժյուրիի անդամ, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը նշեց, որ այսօր հայ ռեժիսորները ստեղծում են բավականին հետաքրքիր ֆիլմեր և նշելով կինեմատոգրաֆի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի՝ վարձույթի կորուստը՝ նա, ամեն դեպքում, ընդգծեց ժամանակակից հայկական կինոյի ստեղծարար լինելու փաստը:

Հայաստանի ազգային կինոմրցանակը կշնորհվի ամեն կտարի, իսկ դրան կարող են հավակնել նախորդ տարի նկարահանված ֆիլմերը:

Կինոմրցանակը նախատեսում է 12 անվանակարգ և մեկ լրացուցիչ հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:-0-