Հայաստանը կօգնի Հորդանանին ԱԷԿ-ի կառուցման հարցում. նախարար

19.01.2012, 14:05
Հայաստանը կօգնի Հորդանանին ԱԷԿ-ի կառուցման հարցում. նախարար

Հայաստանը կօգնի Հորդանանին ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայկական կառավարությունը հինգշաբթի հաստատել է Հորդանանի հետ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին համաձայնագրի ստորագրումը:

«Հայաստանն օգնություն կցուցաբերի փորձի փոխանակման և կադրերի պատրաստման հարցերում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Մովսիսյանը:

Փաստաթղթում նշվում է, որ համագործակցության իրականացման ընթացքում երկու երկրներն առաջնորդվելու են ՄԱԿ-ի 1968 թվականի հուլիսի 1-ի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքներով և պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը և երկակի նշանակության տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրված ցանկացած կրկնօրինակը միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում: -0-