Երևանի քաղաքապետը վառել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը

21.12.2011, 10:39
Երևանի քաղաքապետը վառել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը
Երևանի քաղաքապետը վառել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեքշաբթի երեկոյան վառել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը:

Հանդիսավոր արարողությանը նախորդել է 3D-շոու, որի ժամանակ Հայաստանի ազգային պատկերասրահի դիմերեսին դասական երաժշտության ուղեկցությամբ սկզբից ծառեր ծաղկեցին, այնուհետև եղևնիները պատվեցին ձյունով, իսկ հետո հնչեցին զանգակներն ու հայտնվեցին տոնածառի խաղալիքները: 3D-շոուն ավարտվեց Երևանի փողոցների կադրերով:

Տոնածառի լույսերը վառելուց հետո վառվեցին Հանրապետության հրապարակի տոնական լույսերը, իսկ մայրաքաղաքի երկինքը լուսավորվեց գունագեղ հրավառությամբ:

«Այսօր հանդիսավոր կերպով վառվեցին ոչ միայն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի, այլև Երևանի 12 վարչական շրջանների տոնածառերի լույսերը», - ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նա նշել է, որ նման կերպով տրվեց տոնական միջոցառումների մեկնարկը:

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին Երևանի կենտրոնում կսկսվի ամանորյա գլխավոր միջոցառումը, որը կտևի մինչև հունվարի 1-ի գիշերվա երեքը: Մայրաքաղաքում տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը:

Սուքիասյանը տեղեկացրել է, որ ամանորյա միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Նա նաև խոստացել է անակնկալներ՝ կապված Հյուսիսային պողոտայում տոնական լուսավորության հետ: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի նաև տոնածառերի ցուցահանդես, որոնք զարդարված կլինեն տարբեր երկրների ավանդույթներին համապատասխան:-0-