ՀՀ-ն ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգման ազատականության մակարդակով գերազանցում է նախկին ԽՍՀՄ-ի շատ երկրներին

24.11.2011, 18:40
ՀՀ-ն ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգման ազատականության մակարդակով գերազանցում է նախկին ԽՍՀՄ-ի շատ երկրներին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգման ազատականության և համապատասխան օրենսդրության մակարդակով անհամեմատ բարձր դիրքեր է զբաղեցնում, քան հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներ, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ArmRADIO ռադիոկայանի տնօրեն, Հայաստանի PR-մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը:

«Սա իմ սուբյեկտիվ եզրակացությունն է, որին հանգել եմ Եվրոպական և ասիական մեդիայի (ԵԱՄՖ) վեցերորդ ֆորումից հետո: Վերլուծելով այնտեղ լսածը՝ կարող եմ ասել, որ հայկական մեդիադաշտը և օրենսդիր, և պետկառավարման ու Ինտերնետ-օգտատերերի ակտիվության տեսանկյունից անհամեմատ ավելի առաջատար դիրքերում է, քան նախկին Միության շատ երկրներ»,- վեցերերդ ԵԱՄՖ-ին նվիրված մամուլի ասուլիսում ասաց Սաղաթելյանը:

Եվրոպական և ասիական մեդիայի վեցերորդ ֆորումը, որի անփոփոխ կազմակերպիչն է ՌԻԱ Նովոստի մեդիահոլդինգը, անցկացվում էր Աստանայում «Անկախության 20 տարիներ՝ ԶԼՄ-ները և հասարակությունը» խորագրով:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօր կան երկրներ, որտեղ փակ են ամբողջ Ինտերնետ-հարթակներ, օրինակ, «Կենդանի ամսագիրը», իսկ թվային մեդիան ենթարկվում է խստագույն պետական կառավարման, ինչը չկա Հայաստանում:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ այս կամ այն ոլորտում Հայաստանի ձեռքբերումների ճիշտ գնահատման համար անհրաժեշտ է ճիշտ համեմատություններ կատարել:

«Որոշ հանգամանքներից ելնելով՝ մենք սիրում ենք մեր երկիրը համեմատել Հոլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի կամ Շվեյցարիայի հետ, հաճախ մոռանալով, որ Հայաստանը դուրս է եկել Խորհրդային Միությունից, և երկիրը պետք է գնահատել հենց այդ համատեքստում: Երբ մենք համեմատում ենք Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս եկած այլ երկրների հետ, ապա, միանշանակ, նկատում ենք, որ ամեն ինչ մեզ մոտ այնքան էլ վատ չէ»,- ասաց Իսկանդարյանը:

Վեցերորդ ԵԱՄՖ-ին մասնակցել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:

Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին:-0-