«Կրթություն և կարիերա EXPO 2011» մասնագիտացված ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 15-ին Երևանում

14.11.2011, 14:35
«Կրթություն և կարիերա EXPO 2011» մասնագիտացված ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 15-ին Երևանում
«Կրթություն և կարիերա EXPO 2011» մասնագիտացված ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 15-ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 15-17-ը Երևանում` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում  կանցկացվի հերթական տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2011»  խորագրով, հաղորդում է միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում և արտասահմանում գործող ավելի քան 55 կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ) և միջազգային դոնոր  կազմակերպություններ: Նախատեսված է սեմինարների, կլոր սեղանների, կրթության ոլորտի նորամուծությունների վերաբերյալ քննարկումների, ինչպես նաև դասընթացների, Գործատուների զբաղվածության օրվա, Թափուր աշխատատեղերի վաճառահանդեսների անցկացում:

«Ցուցահանդեսը համախմբում է կրթության կարևորագույն և գործնական բնագավառերը՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով խնայել ժամանակը և ցուցահանդեսն այցելելու ճանապարհով ստանալ հետաքրքրող ողջ տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ բարձրագույն կրթություն - ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն – քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր,

աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ; տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կրթական համակարգում,  ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, գրասենյակային և  դպրոցական կահույք:

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 10 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 100-ը:-0-