Երևանն ու Կահիրեն մտադիր են քույլ քաղաքներ դառնալ

07.11.2011, 20:30
Երևանն ու Կահիրեն մտադիր են քույլ քաղաքներ դառնալ

Երևանի և Կահիրեի միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման հեռանկարներն են քննարկվել երկուշաբթի Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և Եգիպտոսի մշակույթի փոխնախարար Հուսամ Նասարի միջև, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Հուսամ Նասսարին կարծիք է հայտնել երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը:

Նա վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երևանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես  մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության և այլ բնագավառների մասով:
Կիսելով Երևանից ստացած իր տպավորությունները՝ փոխնախարարը բարձր է գնահատել  մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումները և բարեկարգման նկատելի աշխատանքները:

Նա նշել է նաև, Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Հայ կփոխքաղաքախետ Վանո Վարդանյանն իր հերթին դրական է արձագանքել Երևանն ու Կահիրեն քույր-քաղաքներ դարձնելու առաջարկին: «Նախևառաջ, պետք է կարևորել հայ-եգիպտական հարաբերությունների համատեքստում Երևանի ու Կահիրեի միջև ձևավորված ջերմ և բարեկամական գործակցությունը, այդ թվում նաև մշակութային փոխգործակցության առումով»,- ասել է նա:
Վարդանյանը նաև իր գոհունակությունն է հայտնել Եգիպտոսում Հայաստանի մշակույթի օրերն անցյալ տարի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Երևանն էլ է արել  հնարավորը, որպեսզի եգիպտական մշակույթի օրերն անցնեն հավուր պատշաճի, ինչը նաև մեր մայրաքաղաքների բարեկամությունն ամրապնդելու նոր խթան կհանդիսանա»,- ընդգծել է նա:
Հայաստանում եգիպտական մշակույթի օրերի ծրագրում, որոնք մեկնարկել են նոյեմբերի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, ընդգրկված է ցուցահանդեսների,Կահիրեի օպերայի և բալետի թատրոնի ներկայացումը, վարպետության դասեր երեխաների համար, որոնց ընթացքում կներկայացվեն խամաճիկների, ստվերների թատրոնները և օրիգամի արվեստը: Կկայանա նաև մնջախաղի ներկայացում և ֆիլմերի ցուցադրություններ:

Օրերը կանցկացվեն Հայաստան-Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաև երկու երկրների միջև միջկառավարական համաձայնագրի և միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում:
Եգիպտոսում Հայկական մշակույթի օրեր արդեն անցկացվել են 2010 թվականի սեպտեմբերի 17-23-ը: -0-