Հայկական ԱԷԿ-ի սեյսմակայունությունը գերազանցում է ինը բալը. գլխավոր ինժեներ

27.10.2011, 15:29
Հայկական ԱԷԿ-ի սեյսմակայունությունը գերազանցում է ինը բալը. գլխավոր ինժեներ

Հայկական ԱԷԿ-ի  սեյսմակայունությունը գերազանցում է ինը բալը, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը:

«Ըստ նախագծի՝ ԱԷԿ-ը նախատեսված է ինը բալանոց երկրաշարժի համար, սակայն իրականում անվտանգության պաշարային մակարդակն ավելի բարձր է», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ ռեակտորը կարող է դիմանալ 3,5 մթնոլորտային ճնշմանը: «Սա շատ բարձր ցուցանիշ է», - ավելացրեց գլխավոր ինժեները:

Նա ընդգծեց, որ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հայկական ատոմակայանում գրեթե չեն զգացել, իսկ գրանցող սարքերն արձանագրել են 2-3 բալանոց ցնցումներ: «Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱԷԿ-ի համար շատ հաջող հարթակ է ընտրվել», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ հարթակն իրենից բազալտե շերտ է ներկայացնում, որը տեղակայված է արտեզյան ջրերի վրա: Ինչպես նշեց գլխավոր ինժեները, արտեզյան ջրերը լրացուցիչ առավելություն են տալիս սեյսմակայունության տեսակետից:

«Սթրես-տեստերի շրջանակներում իրականացված ԱԷԿ-ի անվտանգության երկրորդ գնահատականը ցույց է տալիս, որ բլոկը հուսալի է», - ասաց Վարդանյանը:

Գործող հայկակա ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երևանից մոտավորապես 30-40 կմ դեպի արևմուտք): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին:

Այժմ գործում է ԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը՝ արտադրելով երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 40-50 տոկոսը: Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003 թ.-ի

սեպտեմբերից գտնվում են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ի կառավարման տակ:-0-