Ռուսաստանը վերականգնել է Հայաստանի գազամատակարարումը. ՀայՌուսգազարդ

03.10.2011, 11:03
Ռուսաստանը վերականգնել է Հայաստանի գազամատակարարումը. ՀայՌուսգազարդ
Ռուսաստանը վերականգնել է Հայաստանի գազամատակարարումը. ՀայՌուսգազարդ

Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում արտապլանային վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:

«Գազպրոմ էկսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին» սեպտեմբերի  28-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Գազի մատակարարումը վերականգնվել է նախօրեին տեղական ժամանակով ժամը 12:20-ին և իրականացվում է սովորական ծավալներով», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:

Սեպտեմբերի 22-27-ը Հայաստան բնական գազի մատակարարումը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր՝ Վրաստանի տարածքում  Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներն իրականացնելու կապակցությամբ՝ Թբիլիսիի շրջանցիկ  ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի սպառողների գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազապահեստարանի պաշարների հաշվին, որը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:--0-