Հայաստանում 2011թ.-ին հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի նոր թողարկում է ծրագրվում

29.09.2011, 19:57
Հայաստանում 2011թ.-ին հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի նոր թողարկում է ծրագրվում
Հայաստանում 2011թ.-ին հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի նոր թողարկում է ծրագրվում

Հայաստանի Կենտրոնական բանկը տեղեկացրել է 2011թ.-ին հազար դրամ անվանական արժեքով ՀՀ  թղթադրամի նոր թողարկման մասին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները և չափերը հիմնականում նույնն են, ինչ որ 1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը:

Այսպես, 2001թ.-ի թողարկման թղթադրամի դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որը նոր տարբերակում կանաչ գույն ունի, աջ կողմում փոխվել է թողարկման տարեթիվը՝ «2001»-ից «2011», Եղիշե Չարենցի դիմանկարը փոքրացվել է և մի փոքր դեպի աջ տարվել:

Թղթադրամի դիմերեսին փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ, ինչպես նաև աջ և ձախ եզրերում դեղին շրջաններ են ավելացվել, փոխվել է ֆինանսների նախարարի ստորագրությունը, դիմերեսի չորս անկյունները սպիտակ գույնով են ներկվել, և բացակայում է կնիքը:

Թղթադրամի դարձերեսին «1000» անվանական արժեքը հորիզոնական գծով է տպած, մուգ մանուշակագույն և կանաչ գույներով առանձնացված, իսկ ռակուրսի փոփոխման դեպքում ներքևի ձախ անկյան գույնը կանաչից կարմիրի է վերածվում և հակառակը:

«CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրությունը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն, իսկ պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ: -0-