Հայաստանի հավաքականը ցնցող ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում. սլովակների մարզիչ

07.09.2011, 11:39
Հայաստանի հավաքականը ցնցող ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում. սլովակների մարզիչ
Հայաստանի հավաքականը ցնցող ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում. սլովակների մարզիչ

Հայաստանից կրած ջախջախիչ պարտությունից (4։0) հետո Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում ցնցող ֆուտբոլ ցուցադրեցին։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին, որը ցնցող ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում։ Մենք նույնպես վատ չենք խաղացել, բայց երբ մենք չենք կարող գոլ խփել, ապա, համապատասխանաբար, չենք կարող խաղում հաջողություն ակնկալել։

Հակառակորդն այսօր առավել ուժեղ էր, հատկապես երկրորդ խաղակեսում։ Ես ինձ վրա եմ վերցնում այդ ջախջախիչ պարտության մեղքը։ Հնարավոր է՝ մենք պարտվեցինք, քանի որ ես հնարավորություն տվեցի հանգստացող խաղացողներին, այլ ոչ նրանց, ովքեր իռլանդացիների հետ էին խաղում»,- սլովակ մասնագետի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամեն դեպքում, մեր խմբում դեռ ոչինչ պարզ չէ։ Մենք արդեն այնքան վառ ֆավորիտներ չենք, ինչպես Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները, և նաև հայ ֆուտբոլիստները մեզ հասան միավորներով։ Եթե հաղթենք մնացած երկու խաղերում, ապա կարող ենք եզրափակչի հույս ունենալ, եթե պարտվենք, ապա Եվրո-2012-ը չենք տեսնի»,- նշել է 46-ամյա մարզիչը։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները։

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։

Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին  Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ --0--