«Մոր և մանկան առողջության դաշինք» է ստեղծվել Հայաստանում

30.08.2011, 14:32
«Մոր և մանկան առողջության դաշինք» է ստեղծվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ երեքշաբթի Երևանում հուշագիր են ստորագրել «Մոր և մանկան առողջության դաշինք» հիմնադրելու մասին։

Դաշինքի ստեղծման նախաձեռնողներից մեկի՝ World Vision Armenia կազմակերպության աջակցության փորձագիտական խմբի ղեկավար Սուսան Բագրատունու խոսքով՝ նոր կազմակերպությունը կոչված է միավորել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության տեղի և միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մոր և մանկան առողջության խնդիրներով։

«Դեռևս 2010 թվականի օգոստոսին մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 22 կազմակերպություններ հանդիպել են Ծաղկաձորում՝ Դաշինքի, որն ավելի արդյունավետ կլուծի տվյալ ոլորտի հարցերը, ստեղծման գաղափարի քննարկման նպատակով։ Այդ ժամանակ էլ կազմակերպությունները որոշեցին համագործակցել առանց որևէ պաշտոնական հարաբերություններ հաստատելու»,- տեղեկացրեց նա։

Ինչպես նշեց Բագրատունին, ավելի քան կես տարվա համատեղ աշխատանքից հետո, 2011 թվականի ապրիլին այդ կազմակերպությունները, որոնց միացան ևս 25 ՀԿ-ներ, կրկին հանդիպեցին և որոշեցին ստեղծել «Մոր և մանկան առողջության դաշինք»։

Հայաստանի առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կանանց և նրանց երեխաների առողջության համար պայքարի նման միավորված փորձեր դեռևս չեն եղել։

«Հավատում եմ, որ այդ դաշինքն արդյունավետ կլինի և իր ավանդը կունենա մոր և երեխայի առողջության պահպանման և բարելավման գործում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի նորածինների մահացության մակարդակի նվազեցմանը»,- նշեց նա։

Դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվում են կազմակերպության հիմնական գործառույթներին, նրա հետագա գործունեության վերաբերող հարցեր, ինչպես նաև ծրագրվում է ընտրել Դաշինքի համակարգողի և Համակարգող խորհուրդ։

World Vision Armenia հասարակական կազմակերպությունը գործում է Երևանի 130 համայնքներում և հանրապետության վեց մարզերում՝ օժանդակություն տրամադրելով մոտ 22 հազար երեխաների և նրանց ընտանիքների։ Ծրագրերում ընդգրկված են առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության և հոգևեր զարգացման ոլորտներ։ -0-