Ոստիկանությունը ձերբակալել է հայկական եկեղեցուց գանձանակը գողացած անձին

17.08.2011, 18:01
Ոստիկանությունը ձերբակալել է հայկական եկեղեցուց գանձանակը գողացած անձին

ՀՀ ոստիկանությունը Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու գանձանակը գողանալու կասկածանքով  բերման է ենթարկել մի տղամարդու, հաղորդվում է  ոստիկանության օպերատիվ ամփոփագրում:

Մոտավորապես 10 օր առաջ Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ նույն օրը գիշերը գողացել են եկեղեցու գանձանակը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 05.00-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Մխչյան գյուղից բերման է ենթարկվել Այնթապ գյուղի բնակիչ, նախկինում դատված 35-ամյա Ստեփան Ն.-ն: 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել  են ռետինե ձեռնոցներ: «Պարզվել է, որ Ստեփան Ն.-ն օգոստոսի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողացել է գանձանակը, տեղափոխել նույն գյուղի զբոսայգի, բացել ու գողացել մոտ 10.000 դրամ գումար»,- ասվում է ամփոփագրում:

Ստեփան Ն.-ն ձերբակալված է: -0-