Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական տվյալներով անձնագրեր ստանալ 2012 թ.-ի առաջին եռամսյակից

21.07.2011, 18:31
Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական տվյալներով անձնագրեր ստանալ 2012 թ.-ի առաջին եռամսյակից
Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական տվյալներով անձնագրեր ստանալ 2012 թ.-ի առաջին եռամսյակից

Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական տվյալներով անձնագրեր ստանալ 2012 թ.-ի առաջին եռամսյակից, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Նա նշեց, որ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում նախատեսված կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումը կօգնի Հայաստանի քաղաքացիներին ազատ տեղաշարժվել արտերկրում և կդյուրացնի դեպի եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգը:

Օսիկյանի խոսքերով՝ համակարգի ներդրումը թույլ կտա գրեթե զրոյի հավասարեցնել փաստաթղթերի կեղծումն ու հայկական սահմանով անցանկանալի մարդկանց մուտքն ու ելքը:

«Դեռ տարեսկզբին համակարգի ներդրման համար համապատասխան տենդեր էր հայտարարվել, որի հաղթողն է «Արժեթղթերի արտադրությամբ զբաղվող լեհական ֆաբրիկան», որի հետ համապատասխան պայմանագիր կկնքվի», - ասաց Օսիկյանը:

Նա նշեց, որ պայմանագրի համաձայն՝ համակարգի ներդրման բոլոր պարտավորությունները ստանձնում է լեհական ընկերությունը, որը պարտավորվում է 180 օրվա ընթացքում շահագործման հանձնել համապատասխան համակարգերը, ինչից հետո 40 օրվա ընթացքում՝ արդեն 2012 թ.-ի սկզբին, Հայաստանը կկարողանա կենսաչափական տվյալներով անձնագրեր և ID-քարտեր տպել:

Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ համակարգը պետք է շահագործման հանձնվեր 2011 թ.-ի վերջին, սակայն հաշվի առնելով այն, որ արդեն հայտարարվել է տենդերի հաղթողը, ԵՄ-ի կողմից գործընթացը բավարար է համարվում:

Կենսաչափական անձնագրի գործողության ժամկետը հինգ տարի կլինի, իսկ ID-քարտերինը՝ 10 տարի։ Նույնականացման քարտեր կստանան տասնվեց տարեկանից սկսած ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ անձնագրերը կարող են ստանալ ըստ ցանկության, արտերկիր մեկնելու համար: Անձնագրերում, բացի  անկետային տվյալներից և լուսանկարից, չիպում պետք է նաև երկու ցուցամատի մատնահետքերը լինեն։ ID քարտերում, բացի անկետային տվյալներից և լուսանկարից, նաև քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը կլինի։

Ժամանակի ընթացքում կենսաչափական փաստաթղթերում կարող են ներառվել նաև այլ տվյալներ, մասնավորապես՝ վարորդական իրավունքի վերաբերյալ տեղեկություններ։

Նույնականացման քարտի վճարը կլինի հիմնական տուրքի չափով (շուրջ 1000 դրամ կամ շուրջ 2 ԱՄՆ դոլար): Կենսաչափական անձնագիր ստանալու վճարը պետք է հաշվարկվի ինքնարժեքին համապատասխան և, ըստ նախնական տվյալների, կարող է 15 հազար դրամ (շուրջ 41 դոլար) կազմել։ -0-