ՀՀ ԱԳ նախարարը ոչ խելամիտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխության փորձերը

06.07.2011, 15:07
ՀՀ ԱԳ նախարարը ոչ խելամիտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխության փորձերը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ խելամիտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության փորձերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Նալբանդյանը հիշեցրել է խորհրդարանական տարբեր վեհաժողովներ և նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով խնդրի քննարկումները տեղափոխելու փորձերի մասին:

Նա նաև ավելացրել է, որ ոչ մի հակամարտություն չի լուծվել նմանատիպ ատյաններում:

«Այժմ այնքան էլ խելամիտ չէ մտածել ձևաչափի փոփոխության մասին: Այս տեսակետից մենք կիսում ենք համանախագահների դիրքորոշումն այն մասին, որ հարկավոր է շարունակել հենց այս ձևաչափում, որը բավականին արդյունավետ է կարգավորման գործընթացի վերջին տարիների ընթացքում», - ասել է Նալբանդյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-