Հայ-թուրքական հինգ ֆիլմեր կցուցադրեն «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնում

01.07.2011, 15:46
Հայ-թուրքական հինգ ֆիլմեր կցուցադրեն «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնում

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նկարահանված հինգ ֆիլմ կցուցադրվի «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, հայտնեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում արդեն հինգ կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվել երեք հայ և երկու թուրք ռեժիսորների կողմից։ Ֆիլմերի թեմաներն ու խմբերը խառն են եղել, այսինքն, ռեժիսորները մի երկրի ներկայացուցիչներ են, պրոդյուսերները՝ մեկ այլ։ Կարող եմ վստահ ասել, որ այդ բոլոր ֆիլմերը հայամետ են»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ երեք ժապավենները վավերագրական են, մյուս երկուսը՝ գեղարվեստական։ Դրանց թվում են Դիանա Քարդումյանի «Գալատան», Կանայ Օզդենի «Տիկնիկային թատրոնը», Գյուլենգյուլ Ալտինտասի «Մի կորեք, երեխաներ» ֆիլմը, Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» և Գոհար Բաղդասարյանի «Հարևանները»։

Ֆիլմերի պրեմիերան կայացել է ապրիլի 13-ին Ստամբուլի 3-րդ միջազգային կինոփառատոնում։

Եվրոպական համագործակցության տնօրեն Գևորգ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ հայ-թուրքական կինոպլատֆորմն ամեն տարի անցկացվում է հիմնադրամի օժանդակությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման հիմնադրամի (USAID) ծրագրի մի մասն է կազմում՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը։

Գաբրիելյանն ընդգծեց, որ այս տարի կինոպլատֆորմին 30 հազար դոլարի չափով տրամադրած դրամաշնորհ է ստացել հայազգի ռեժիսոր Լուսին Դինքը «Բիթլիսից Երևան» ֆիլմի նախագծի համար՝ Վիլյամ Սարոյանի ինքնակենսագրական ստեղծագործության մոտիվներով։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավորներից փառատոներից մեկը։

2011թ.-ին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարահի 60 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել։
2010թ.-ին «Ոսկե ծիրանն» արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։ -0-