Նոր ուսումնական տարին է մեկնարկել Արցախի Պաշտպանության բանակում

13.01.2012, 14:21
Նոր ուսումնական տարին է մեկնարկել Արցախի Պաշտպանության բանակում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նոր ուսումնական տարին է մեկնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում, հայտնում է ԼՂՀ տեղեկատվության և քարոզչության բաժինը:

«Ուսումնական տարվա առաջին օրերին անձնակազմի հետ անցկացվեցին հասարակական պետական պատրաստության պարապմունքներ և մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումներ՝ ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, իսկ վերջին փուլում նաև զորամասի կազմով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նշված միջոցառումների ընդհանուր նպատակն էր յուրաքանչյուր զինծառայողի ուսուցանել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն մարտական հաշվարկի համաձայն, զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելու դեպքում:

 

2011 և նախորդ տարիների դրական ողջ փորձը ուսումնասիրվել է հանգամանորեն: Հաշվի են առնվել այն բացթողումներն ու թերացումները, որոնք այս կամ այն պատճառով տեղ էին գտել նախորդ փուլերի ընթացքում, և ըստ այդմ, պլանավորվել է անելիքների այն ամբողջ ծրագրային համալիրը, որը ուղենշային կլինի 2012 թվականի համար:

 

«Նոր ուսումնական տարվա սկիզբը արդյունավետ էր, և դատելով պարապմունքների հաջող մեկնարկից՝ կարող ենք իրատեսորեն հուսալ, որ այն կունենա նաև նույնքան հաջող ընթացք»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-