Ղարաբաղի նախագահը ԼՂՀ հռչակման տարեդարձի կապակցությամբ մի շարք անձանց պետական պարգևներ է հանձնել

01.09.2011, 19:58
Ղարաբաղի նախագահը ԼՂՀ հռչակման տարեդարձի կապակցությամբ մի շարք անձանց պետական պարգևներ է հանձնել

Պետական մրցանակների պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի նստավայրում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՀՀ նախագահը նախօրեին ժամանել է Արցախ՝ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պետական պարգևներով պարգևատրվել են Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ ու զինծառայողներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, բարերարներ, գիտնականներ, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից և արտերկրից», - նշվում է տեղեկատվության մեջ:

Իր ելույթում Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին հիշարժան տոնի և պետական պարգևներով պարգևատրվելու կապակցությամբ:

Նախագահը 1991 թվականի սեպտեմբերի 2-ը որակել է որպես պատմական ու շրջադարձային օր հայ ժողովրդի կյանքում, որն ազդարարեց «Արցախի անկախ պետության ծնունդն ու ոսկե տառերով գրվեց մեր պատմության տարեգրության մեջ»:

Նախագահն ընդգծել է, որ Արցախի պետականության կերտման գործում անգնահատելի է Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների մասնակցությունը, ինչպես նաև բոլոր այն մարդկանց բարեկամների, ովքեր այս տարիներին իրենց գործուն աջակցությամբ թև ու թիկունք էին արցախցիներին:

Շնորհավորական խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի ղեկավարը Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր է համարել ողջ հայ ժողովրդի համար և ընդգծել, որ այն մարդու և ազգի ազատության ու արժանապատվության, ոտնահարված իրավունքների  վերականգնման և պատմական արդարության հաղթանակի տոն է:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից, Սփյուքից և արտերկրից ժամանած հյուրեր:-0-