Աշխարհի կառավարություններն ու անվտանգության ծառայությունները չեն հասցնում հակերների առաջընթացի հետևից. ԱՄՆ հետախուզություն

01.02.2012, 11:24
Աշխարհի կառավարություններն ու անվտանգության ծառայությունները չեն հասցնում հակերների առաջընթացի հետևից. ԱՄՆ հետախուզություն
Աշխարհի կառավարություններն ու անվտանգության ծառայությունները չեն հասցնում հակերների առաջընթացի հետևից. ԱՄՆ հետախուզություն

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի երկրների իշխանությունները չեն հասցնում տեխնոլոգիաների զարգացման հետևից և չեն կարողանում երաշխավորել իրենց երկրների պաշտպանությունը ժամանակակից կիբերսպառնալիքներից, խոստովանել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այժմ մենք գործ ունենք կիբերտարածքի հետ, որտեղ տեխնոլոգիաներն ավելի արագ են հայտնվում ու զարգանում, և կառավարությունները չեն հասցնում նրանց հետևից: Դրա ապացույցն են սոցիալական մեդիաների գրաքննության անհաջող փորձերը 2011 թ.-ի «արաբական գարնան» իրադարձությունների՝ Թունիսում, Եգիպտոսում և Լիբանանում տեղի ունեցած հեղափոխությունների ժամանակ», - ասել է Քլեփերը՝ երկուշաբթի ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի սենատի հետախուզության կոմիտեի նիստի ժամանակ:

Նա, փաստորեն, ընդունել է, որ ԱՄՆ իշխանությունները ևս չեն կարողանում պաշտպանություն երաշխավորել կիբերսպառնալիքներից:

«LulzSec հակերների խումբը DdoS-հարձակումներ է իրականացրել կառավարությունների և մի շարք կորպորացիաների կայքերի վրա, ինչպես նաև հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ինչի դեմ է խումբը պայքարում: NASDAQ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի սերվերները կոտրելու հայտնի դեպքերն ընդգծում են ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության առանցքային հատվածների խոցելիությունը», - ասել է Քլեփերը:

Նրա խոսքերով՝ գլխավոր խնդիրներից է համակարգչային լրտեսությունն ու ԱՄՆ-ի փակ համակարգչային ցանցեր ներխուժելու օտարերկրյա հետախուզությունների փորձերը:

Նա կրկնել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը նախկինի պես գլխավոր սպառնալիքն են ներկայացնում ԱՄՆ-ի կիբերտարածքի համար, ինչպես նաև մտավոր սեփականության անվտանգության տեսակետից:-0-