Իսպանիայի թագավորական ընտանիքն առաջին անգամ հրապարակել է «ծախսերի հայտարարագիրը»

28.12.2011, 20:14
Իսպանիայի թագավորական ընտանիքն առաջին անգամ հրապարակել է «ծախսերի հայտարարագիրը»

Թագավորական ընտանիքին պահելն իսպանացիների համար տարեկան արժենում է 8,43 միլիոն եվրո, որից արքա Խուան Կարլոս Ա-ն ստանում է 292 552 եվրո, այս տվյալներ են առաջին անգամ են հրապարակվել արքայական տան կայքում:

Ընդ որում՝ արքայի եկամուտների 40 տոկոսը պահվում է պետության կողմից որպես հարկեր:
Իսպանացի գահաժառանգ Ֆելիպե արքայազն Աստուրիացին ստանում է արքայից երկու անգամ քիչ՝ տարեկան 146 375 եվրո և 50 ցենտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սոֆիա թագուհու, Կրիստինա և Ելենա արքայադստրերին, ինչպես նաև ժառանգորդ արքայազնի տիկնոջ՝ Լետիցիային պահելու համար գանձապետարանը հատկացնում է տարեկան 370 հազար եվրո:
Թագավորական ընտանիքի ծախսերի ամենամեծ հատվածը բաժին է ընկնում սպասարկող անձնակազմին՝ տարեկան 4 միլիոն 39 հազար եվրո: Սարսուելի արքունիքում աշխատում է 509 մարդ:
Այնուհետև ընթացիկ ծախսերն են՝ տարածքների վարձակալություն, նորոգում և պահպանում, արձանագրային միջոցառումներ՝ 3 միլիոն 275 հազար եվրո:

Իսպանիայի սահմանադրության համաձայն, միապետը պարտավոր չէ հաշվետվություն ներկայացնել որևէ մեկին իր եկամուտների և ծախսերի վերաբերյալ: Հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական վիճակը և պետբյուջեի ծախսերի կրճատման անհրաժեշտությունը՝ Խուան Կարլոս Ա արքան առաջին անգամ որոշում է ընդունել հրապարակել արքայական ընտանիքի բյուջեի տվյալները: --0-